Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Ստամբուլ, որտեղ այսօր տեղի կունենա «Թուրքական հոսք» գազատարը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը:
Նախատեսված է Պուտինի առանձնազրույցը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ: Դեռ շաբաթներ առաջ հայտնի էր, որ երկու ղեկավարները կքննարկեն ռուս-թուրքական համագործակցությունն էներգետիկայի բնագավառում:
Սակայն օրակարգը լրամշակվել է, քանի որ ի հայտ են եկել միջազգային հրատապ խնդիրներ:
Պուտինը և Էրդողանը կքննարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով «Ալ-Քոդս» իրանական զորամիավորման հրամանատար Քասեմ Սոլեյմանիին հունվարի 3-ին Բաղդադում սպանելուց հետո ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը:
Թեհրանը սպառնում է վրեժ լուծել, Վաշինգտոնն արձագանքում է, թե իրանական կողմի ցանկացած ռազմական քայլին կտա անհամաչափ ավերիչ պատասխան:
Բայց միայն իրանա-ամերիկյան պատերազմի տեսական վտանգը չէ, որ մտահոգում է տարածաշրջանի ղեկավարներին:
Մոսկվան և Անկարան, պահպանելով տարաձայնությունները, այնուամենայնիվ համագործակցում են, կամ առնվազն մեկը մյուսի հետ մերվում են Սիրիայում:
Մինչդեռ, առաջացել է միջազգային նոր թնջուկ՝ Լիբիայի խնդրում ռուսներն ու թուրքերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ:
Թուրքիան զորախումբ է ուղարկում Լիբիա, հայտնելով, թե անվերապահորեն աջակցում է այդ երկրի օրինական իշխանությանը:
Լիբիայում գործնականում երկիշխանություն է. երկրի մի մասը գտնվում է Ֆաիզ Սարաջի ղեկավարած Ազգային համաձայնության կառավարության հսկողության տակ: Տարածքի մի զգալի մասն էլ՝ սակայն ոչ մայրաքաղաք Տրիպոլին, գրավել է ըմբոստ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի բանակը:
Միջազգային համայնքի մեծ մասի համար Սարաջն է Լիբիայի օրինական ղեկավարը:
Հաֆթարն էլ սատարում է Աբդալա Աբդուռահման աթ-Թանիի ժամանակավոր վարչակազմին:
Դեռ անցյալ տարվա ապրիլին Հաֆթարն ասել է, թե զորք է հավաքում և պետք է գրավի Տրիպոլին: Նրա ստորաբաժանումները պաշարել են մայրաքաղաքը և նույնիսկ մի քանի արվարձան են մտել, բայց ամբողջությամբ Տրիպոլին գրավել չեն կարողանում:
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, սատարում են Հաֆթարին: Ըստ արևմտյան աղբյուրների, Լիբիայում ֆելդմարշալի զինվորականներին օգնում են ռուսաստանցի վարձկանները: Նրանց անվանում են նաև «Վագներ» ռուսական ոչ կանոնավոր զինված խմբավորման մարտիկներ: Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: