Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակցի հետ և քննարկել Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը:

Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն նախագահներ Մակրոնը և Վլադիմիր Պուտինը իրենց մտահոգությունն են հայտնել իրանցի գեներալի սպանության կապակցությամբ:

Ֆրանսիայի նախագահը Իրանին կոչ է արել վերադառնալ «միջուկային գործարքով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը և խուսափել ցանկացած սադրանքից»:

Կրեմլում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ երկու առաջնորդները փաստել են՝ գեներալ Սուլեյմանիի սպանությունը «կարող է լրջորեն սրել իրավիճակը տարածաշրջանում»:

Քասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 3-ին՝ վաղ առավոտյան, Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում՝ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով:

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա «պաշտպանողական» գործողություն է եղել՝ կանխելու Սուլեյմանիի՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:

XS
SM
MD
LG