Մատչելիության հղումներ

Դաշնակցականները դեռ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. նախարարի օրակարգում այդ հարցը չկա


«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումը, Երևան, 4-ը դեկտեմբերի, 2019թ.
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումը, Երևան, 4-ը դեկտեմբերի, 2019թ.

«Ոստիկանությունը շարունակում է ծառայել իշխանություններին, ոչ թե հասարակությանը», - ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ոստիկանների երեկվա գործողություններին:

Երեկ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող Դաշնակցության երիտթևի 24 ներկայացուցիչներին ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման ենթարկեց՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Երիտասարդները նախ պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում՝ քննարկելու կրթության ոլորտում առկա խնդիրները, օրինակ՝ նրանք շաբաթներ շարունակ քննադատում էին «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու նախարարության առաջարկությունը։ Նախարարությունից փոխանցել էին, որ հանդիպում կազմակերպելու համար ընթացակարգ կա։ Այս պատասխանից հետո երիտասարդները փորձեցին ներս մտնել նախարարության շենք՝ շրջանցելով ոստիկանական պատնեշը։

Մի քանի րոպե նստեցին շենքի մուտքի մոտ։ Սակայն, այստեղից ոստիկանները ուժ կիրառելով երիտասարդներին հեռացրին տարածքից։ Վերջիններս փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը, որը բացվեց միայն ոստիկանների կիրառած ուժի հետևանքով։ Նշենք, որ տարածքում տեղակայված էին մեծ թվով ոստիկաններ, որոնց թիվը մի քանի անգամ գերազանցում էր ցուցարարների թվին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ երեկ տեղի ունեցած հավաքը եղել է խաղաղ, իսկ ուժի կիրառումը՝ անհամաչափ. - «Ուժի կիրառումը միանշանակ եղել է անհամաչափ, դա կասկածի տակ էլ չի կարելի դնել։ Այո, սա շատ խնդրահարույց է, որովհետև մեր ոստիկանությունն այդպես էլ չփոխվեց, այդպես էլ չռեֆորմացվեց, այդպես էլ չբերվեց այն գիտակցության, որ պետք չի ծառայել անձնվիրաբար իշխանություններին, կապ չունի՝ որ իշխանությունների մասին է խոսքը լեգիտիմ, ոչ լեգիտիմ: Ոստիկանությունն ունի իր գործառույթները ու հստակ պետք է կատարի իր գործառույթներն օրենքի տառին համապատասխան: Մենք այդպես էլ չունեցանք այդպիսի ոստիկանություն», - ասաց նա։

Դաշնակցության երիտասարդների օրակարգում շարունակում է մնալ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի այսօրվա հանրային քննարկմանը ՀՅ Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը մետրոյի ժետոն և հրաժարականի նամակ փոխանցեց նախարար Արայիկ Հարությունյանին։

«Հույս ունեմ, որ Դուք երեկ հանգիստ քնել եք, որովհետև երեկ միայն այսպիսի հանդիպում կազմակերպելու համար, բայց մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկելու համար, էստեղ էին, պահանջում էին էսպիսի հանդիպում կազմակերպել ուսանողներ և քաղաքացիներ, ու նրանցից 24-ը արդյունքում հայտնվեցին բաժնում», - ասաց Դաշնակցության անդամը։

Արայիկ Հարությունյանը, սակայն, հրաժարական չի պատրաստվում տալ: Նման հարց իր օրակարգում չկա. - «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը և մյուս քաղաքական ուժը կամ քաղաքական ուժի ներկայացուցիչը կամ պաշտոնյան ինքն է որոշում լինել էտ քաղաքական օրակարգի մաս, թե ոչ», - հայտարարեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատաոխսանի ընթացքում ևս անդրադարձավ այս հարցին. - «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Ես ուզում եմ՝ սա հստակ մենք արձանագրենք, և առավել ևս մի քաղաքական ուժի, որը երկար տարիներ, շատ կարևոր է, դուք խոսում էիք ուսանողների մասին, խոսքը ուսանողների մասին չէ, խոսքը մի քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը», - ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ինչու երեկ չհանդիպեց երիտասարդների հետ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. - «Որովհետև այսօր ՀՅԴ երիտասարդական կառույցի ներկայացուցչի պահվածքը ցույց տվեց, որ իրենց համար այնքան հետաքրքիր չեն քննարկումները, որքան էն պահվածքը, որ էսօր կար և քաղաքական որոշակի շահարկումները։ Մենք ունենք տեղեկություն, որ նման մի բան պետք է տեղի ունենար էտ հանդիպման ժամանակ, դրա համար մենք իրենց հրավիրել ենք էս հարթակներ»։

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ ոստիկանների գործողությունները համաչափ է համարում, հավելեց․ - «Այդ օրը նպատակ չի եղել հանդիպելու, նպատակ է եղել մտնել կառավարական շենք և այնտեղ ակցիա անցկացնել, դա քողարկվել է իբր հանդիպման բանով։ Կարող եմ ասել, որ քաղաքը շատ փոքր է, և ներսի իրենց խոսակցությունը, այդ կազմակերպչական բաները, դաշնակցական բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսով որ բարձր կանգնում են նախարարության շենքի մոտ, ասում են՝ դե ասեք, թող շուտ մարդ գա, մեզ մոտ քիչ է մարդը, սաղ ծրագիրը պռավալ ա էթում, այդ բաները, որ անում են, պիտի ուշադիր լինեն, որ Հայաստանի Հանրապետությունում սաղ տեսախցիկ կա, մարդիկ լսում են։ Պիտի մի քիչ ավելի ուշադիր լինեն կազմակերպելուց»։

Թե ինչու ոստիկանությունը նույն կերպ չէր գործել, երբ մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակվեցին հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, իրավապաշտպանը մեկ պատասխան է տալիս. «Նախարարությունը շրջափակելու դեպքում, երիտասարդներին ուղղակի, չգիտեմ՝ հրահանգ ստացել էին, թե ոչ, բայց ակնհայտ էր, որ իշխանություններին դա էդքան էլ հաճելի իրավիճակ չի, և փորձել էին նորից իշխանահաճո գործողություններ իրականացնել»:

XS
SM
MD
LG