Երևանի պետական համալսարանի բանասիրականի ֆակուլտետի ուսանողների բողոքի ակցիան այսօր տեղափոխվել էր ռեկտորի աշխատասենյակի մոտ։
Նրանք պահանջում էին ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից հստակ դիրքորոշում հայտնել՝ կողմ է, թե դեմ, որ ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնան հայեցողական և ոչ թե պարտադիր։
«Ազատության» հետ զրույցում ուսանողներից մեկը նշեց, որ դասադուլը չի խոչընդոտում իրենց կրթություն ստանալուն. դասադուլից հետո գիրք էլ են կարդում։ Հարցին՝ ե՞րբ են վերադառնալու լսարան, նա պատասխանեց. - «Դեռ կոնկրետ ժամկետներ չենք կարող նշել»։
Այս առարկաները պարտադիրից հայեցողական դարձնելու գաղափարը ԿԳՄՍ նախարարությանն է։ Նախագիծն արդեն հանրային քննարկման է ներկայացվել, որից հետո միայն կներկայացվի կառավարության հաստատմանը, ապա խորհրդարանի։
Այս առաջարկին ընդդիմացող ուսանողներն արդեն երեք շաբաթ է՝ լսարան չեն մտնում, ռեկտորի արձագանքից էր կախված, թե երբ կվերադառնան լսարան: Գեղամ Գևորգյանն իր աշխատասենյակի մոտ հավաքված ուսանողների պահանջին արձագանքեց մեկ ժամ անց:
«Արի ազնվորեն ասենք՝ էս դասի չնստել է, դասադուլ չի էլի։ Դասադուլը կամ գործադուլը պետք է ուղղված լիներ ձեր աշխատանքային կամ ուսման պայմանների բարելավմանը կամ ինչ-որ բաներից դժգոհելուն, ձեր պահանջը դա չի։ Ձեր պահանջը քաղաքական է, ձեր պահանջն ուղղված է Ազգային ժողովին։ Դուք օրենքում ուզում եք ինչ-որ բան ամրագրել, ճի՞շտ է, կարևոր չէ, թե ինչ, օրենքով ինչ-որ բան ամրագրվի», - ուսանողներին դիմելով՝ ասաց ռեկտորի ԺՊ-ն:
Ուսանողները բացատրեցին, որ պահանջը քաղաքական չէ, հասցեատերն էլ հստակ է՝ համալսարանի գիտխորհրդի աշխատանքային քննարկում հրավիրվի, և հստակեցվի ԵՊՀ ղեկավարության դիրքորոշումն այս հարցում, ի վերջո, եթե օրենքն էլ ընդունվի, համալսարանի գիտխորհուրդն է վերջնականապես որոշողը՝ որ ֆակուլտետների ծրագրում ներգրավեն այդ առարկաները: Ուսանողները նկատեցին՝ իրենք «պահանջ» բառն էլ չեն օգտագործել, խնդրել են համալսարանի ղեկավարությունից անցկացնել գիտական խորհրդի արտահերթ նիստ։
Գեղամ Գևորգյանը նշեց, որ երբ ասում է, որ նրանց պահանջն ուղղված է Ազգային ժողովին, նկատի ունի, որ օրենք ընդունողն էլ հենց այդ մարմինն է. - «Համալսարանում օրենքի աշխատանքային տարբերակի քննարկում եղել է, և եղել են բազմաթիվ առաջարկություններ, դժգոհություններ և այլն։ Երբ գործը հասավ այդ երկու առարկաների պարտադիր լինելն ամրագրել կամ ոչ, գիտխորհրդի կողմից եղավ առաջարկ, եկեք այդ հարցը չքննարկենք, որովհետև այդ հարցով գիտխորհրդում համաձայնության չենք գա և կշեղվենք մնացած հարցերի քննարկումից», - առաջարկեց նա։
Ռեկտորի ԺՊ-ն դեմ է, որ օրենքի ուժով պարտադրվեն առարկաները, եթե անգամ հայեցողական լինի, ըստ նրա, միևնույն է՝ մայր բուհում ֆակուլտետների մեծամասնության ծրագրերում կընդգրկվեն «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկանները. - «Բուհում չի կարելի որևէ առարկա, կապ չունի ինչ առարկա օրենքի ուժով պարտադրել որևէ մեկին։ Ասեմ ինչու։ Երբ օրենքի ուժով պարտադրում ես, այդտեղ արդեն դառնում է թմրած վիճակ, որ մեկ է՝ էս ժամերը պիտի լինեն, էլ չփորձենք կատարելագործել, չփորձենք մարդկանց համոզել, որ այս առարկան իրենց պետք է։ Առանց էմոցիաների լսեք, մենք այստեղ մատուցում ենք կրթական ծառայություններ, դուք ստանում եք կրթական ծառայություն։ Այստեղ կարևոր բառը ծառայությունն է։ Ծառայություն մենք առաջարկում ենք, եթե ձեզ ձեռք չի տալիս, չեք ուզում այդ ծառայությունը, դիմում եք այլ բուհ կամ այլ երկրի որևէ բուհ, այսինքն՝ այստեղ ուսանողը պարտադրի, թե դասախոսն ինչ պետք է անի, ծրագիրը ոնց ընդունի, դուք դրա իրավասությունը չունեք ուղղակի», - հայտարարեց Գեղամ Գևորգյանը։
Ուսանողներն արձագանքեցին, որ իրենք էլ իրավասություն ունեն մասնակցելու կրթության ձևի ընտրությանը և կրթական ծրագրի ընտրությանը։
Դասադուլ անող ուսանողներն առաջարկեցին հանդիպումը միջանցքից տեղափոխել դահլիճ, Բանասիրական ֆակուլտետի բոլոր ուսանողների մասնակցությամբ հարցը քննարկել։ Գիտությունների ակադեմիա շտապող Գևորգյանը համաձայնեց ուսանողների առաջարկին՝ պայմանով. «Հենց որ կլինի խոսքի ընդհատում, թողնենք, դուրս գանք», - ասաց նա։
Հանդիպման ժամն ու օրը կհստակեցվեն վաղը: Ուսանողներն ասացին, որ այսօրվա հանդիպումից գոհ չեն, բայց վաղվանից կվերադառնան լսարան։