Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան․ Դաշնակցությունը անդաստիարակ պահվածք է դրսևորում


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստին հետևած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե Դաշնակցությունը անդաստիարակ պահվածք է դրսևորում, իսկ ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավարությունը կապված է նախկին իշխանությունների հետ՝ արհեստական խնդիրներ ստեղծելով Փաշինյանի կառավարության համար:

«Նախ ուզում եմ դիմել ոչ-հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին: Եվ առիթ ունեցել են մի քանի անգամ «Նախագահ, մի զիջիր» տիպի ակցիաներ անելու, որը շատ հաճախ ձախողվել է, և ես կարծում եմ, որ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր, և նախ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, և երկրորդը, փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը և շարունակում են տապալել: Այն գործողությունները, որ հիմա տեղի են ունենում, միայն բացասաբար են ազդում: Հանրության արձագանքն էլ նրանց գործողություններին տեսնում եք»:

«Ազատության» հարցին, թե ինչն ի նկատի ունի, երբ ասում է դրսի դաշնակցականներին դիմելու մասին, Հարությունյանը պատասխանեց․ - «Ես երբ որ լինում եմ գործուղումներում արտասահմանում, պարտադիր հանդիպում եմ դրսում գործող մեր կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում և Դաշնակցության, և տեսնում եմ, որ այնտեղ դաշնակցական մեր գործընկերները շատ ադեկվատ են, շատ պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչը այստեղ չեմ տեսնում»:

«Ազատության» հաջորդ հարցին, թե արդյոք կարծում է, որ տեղի Դաշնակցության ղեկավարությունը կապված է նախկին իշխանությունների հետ և փորձում է, օրինակ, խնդիրներ հարուցել կառավարության համար, նախարարն արձագանքեց․ - «Բնականաբար: Էն փոփոխությունները, մասնավորաբար, ինչո՞ւ նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո: Որովհետև տապալել են բազմաթիվ անգամ այս ոլորտի համակարգումը: Ճիշտն ասած, պատրաստվում եմ այն արկղերը, որ երեկ բերել էին, այդ արկղերը լցնեմ տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկեմ իրենց»:

Հարությունյանը մանրամասնեց, թե Կրթության և գիտության երկարամյա նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանի մասին չէ խոսքը, այլ «նրանց համակարգած համակարգի մասին»՝ հավելելով, որ քրեական գործերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները․ - «Եթե տեսել եք, մեկուկես տարվա ընթացքում ես ըստ էության անդրադարձ չեմ կատարել իմ նախորդի՝ Լևոն Մկրտչյանի գործունեությանը՝ կարծելով, որ դա որոշ չափով ավելորդ ժամանակ է ինձանից տանելու: Բայց հիմա ձեռնամուխ կլինեմ դրան»:

Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը սկսեցին պահանջել, այդ թվում Դաշնակցության երիտասարդական թևը, երբ նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Հայերեն», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերում դարձնել կամընտրական:

Հարցը սրվեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց օրերս տեղի ունեցած աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումից հետո, երբ պարզվեց, որ ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատկացրել է 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ:

Այսօր կառավարության շենքի դիմաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով Հարությունյանի հրաժարականը:

Բողոքի ակցիան շարունակվեց նախարարության շենքի դիմաց՝ նստացույցով: Ցուցարարները վանկարկում էին «Արայիկ, հեռացիր»:

Արայիկ Հարությունյանը կարծես անդրդվելի է․ - «Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ որ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում: Սա այդ իրավիճակը չէ»:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը արձագանքելով Դաշնակցության վերաբերյալ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը՝ ասաց, թե ցավում է, որ նախարարը ցայօր չի հասկացել Դաշնակցությանը․ - «Ես Արայիկ Հարությունյանի մակարդակին, որը ոչ թե մակարդակ կոչեմ, այլ անմակարդակությանը չեմ իջնի: Դա ոչ միայն նախարարի, ոչ միայն համալսարանի նախկին դասախոսի մակարդակ չէ, այլ ուղղակի ուղղակի ցավալի իրողություն է: Արայիկ Հարությունյանը դրսի, ներսի դաշնակցականներ ասելով՝ շարունակում է երիտթուրքերից սկսված, հետո բոլշևիկների ժամանակ, ցարական Ռուսաստանի ժամանակ, հետո 90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ շրջանառվող ու մինչև հիմա տապալված այն թեզը, որ կարելի է Դաշնակցության մեջ պառակտում մտցնել: Ես ուղղակի խորհուրդ կտամ Արայիկ Հարությունյանին ընդհանրապես դրա մասին չմտածի, թե չէ շատ վատ տեղ կհասնի: Ուղղակի եթե հետաքրքրվեն, առնվազն վերջին երեք օրերին աշխարհի տարբեր անկյուններից՝ Արևմտյան Ամերիկա, Շվեդիա, Երուսաղեմ, Հոլանդիա, Լիբանան, Դաշնակցության տարբեր երիտասարդական միություններ իրենց զորակցությունն են հայտնում այսօրվա բողոքի ցույցի կազմակերպիչ Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միությանը»:


XS
SM
MD
LG