Մատչելիության հղումներ

Թբիլիսիում նորից բողոքի ակցիա է կազմակերպվում


Վրաստան - Ցուցարարները և ոստիկանները, Թբիլիսի, 18-ը նոյեմբերի, 2019թ․
Վրաստան - Ցուցարարները և ոստիկանները, Թբիլիսի, 18-ը նոյեմբերի, 2019թ․

Այսօր Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենա նոր ցույց: Ընդդիմադիրներն ասել են, որ այսօր խոչընդոտելու են խորհրդարանի աշխատանքը:

Նախորդ ցույցը տեղի ունեցավ Թբիլիսիում քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ ընդդիմությունը պահանջում էր ազատ արձակել վերջին օրերին ձերբակալված և 4-ից 13 օրվա ազատազրկման դատապարտված ակտիվիստներին:

Անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած բախումների ընթացքում տասնյակ ցուցարարներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ վնասվածքներ են ստացել: Ձերբակալվել է մոտ չորս տասնյակ ընդդիմադիր:

Ոստիկաններն արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և ռետինե փամփուշտներով ցրել են ցույցը, որին մասնակցել է մի քանի հազար մարդ:

Բողոքի ակցիաներով հանրությունն արձագանքել է խորհրդարանում Ընտրական օրենսգիրքը փոխելու օրինագծի տապալմանը:

Այս տարվա հունիսին և հուլիսին Վրաստանում տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը և անձամբ դրա լիդերը՝ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էին բարեփոխել Ընտրական օրենսգիրքը և հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական կարգով:

«Վրացական երազանք»-ը և Իվանիշվիլին պնդում են, որ այդ բարեփոխման ջատագովներ են, սակայն նոյեմբերի 14-ին օրինագծի ընդունումը ձախողվել է հենց իշխող կուսակցությունից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների ջանքերով:

Անմիջապես դրանից հետո էլ մեկնարկել են բողոքի ակցիաները: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության համոզմամբ, գործող Ընտրական օրենսգիրքը բարենպաստ պայմաններ է ապահովում «Վրացական երազանք»-ի համար:

Ընդդիմությունն ասում է, որ Իվանիշվիլիի ճամբարը դրժել է ամռանը հստակ տված խոստումը և պարզունակ խաբեությամբ ձախողել է Վրաստանում 100-տոկոսանոց համամասնական ընտրությունների հնարավորությունը:

Նոյեմբերի կեսին մեկնարկած ցույցերն արդեն անցնում են ոչ թե Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու, այլ գործող խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով:

XS
SM
MD
LG