Մատչելիության հղումներ

Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր, երթեր անցկացվեցին


Վրաստան - Երթ Թբիլիսիի կենտրոնում, 17-ը նոյեմբերի, , 2019
Վրաստան - Երթ Թբիլիսիի կենտրոնում, 17-ը նոյեմբերի, , 2019

Թբիլիսիում կիրակի օրը բազմահազարանոց ցույցեր, երթեր անցկացվեցին՝ «Բոլորը մինուս մեկ՝ Բիձինան պետք է հեռանա» կարգախոսով: «Մինուս մեկը» իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին է, ով, ցուցարարների պնդմամբ, դրժել է ընտրական բարեփոխումներ կատարելու՝ անցած ամռանը տված խոստումը:

Խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաքը բացվեց Վրաստանի օրհներգի կատարմամբ: Բողոքի ակցիան միավորել է մոտավորապես երկու տասնյակ քաղաքական ուժերի: Ցուցարարները Թբիլիսի են եկել նաև Վրաստանի մյուս բնակավայրերից:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության՝ Ազգային միացյալ շարժման անդամները հավաքվել էին Պուշկինի անվան պուրակում, այստեղից երթով շարժվեցին դեպի խորհրդարան՝ պահելով «Փոխի՛ր» գրությամբ պաստառներ:

Նրանց նախկին թիմակիցները՝ այժմ «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները, երթը սկսեցին Առաջին հանրապետության հրապարակից:

Նոյեմբերի 14-ից, երբ Վրաստանի խորհրդարանում տապալվեց ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու օրինագիծը, մի խումբ ակտիվիստներ վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, գիշերները մնում են այնտեղ: Նրանք պահանջում են համամասնական ընտրակարգով վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, ժամանակավոր կառավարություն ձևավորել և վերակազմավորել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հայրենասերների դաշինքը երեկ նախազգուշական ակցիա անցկացրեց Թբիլիսիի Օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտ: Դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ «Վրացական երազանք»-ը խաբել է ժողովրդին, և այդ կուսակցությունը ևս չարիք է, ինչպես նախկին իշխող ուժը՝ Ազգային միացյալ շարժումը:

Իսկ խորհրդարանի շենքի մոտ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ասել է, թե շրջափակելու են խորհրդարանը, կաթվածահար են անելու օրենսդիր մարմնի աշխատանքը: Նրանք խորհրդարանի դարպասները շղթայով կապել են և կողպեք կախել:

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս մասնակցել է երեկվա ցույցին: «Այսօր մենք այստեղ ենք ոչ թե ինչ-որ բան շահելու համար, այլ որովհետև մենք՝ վրացիներս չենք կարող ապրել ստրկության մեջ: Երկրորդական նշանակություն ունի, թե իշխանությունները երբ և ինչ կզիջեն՝ դա տեղի կունենա», - լրագրողներին ասել է նա:

«Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե սա բոլորի ակցիան է ընդդեմ այսօրվա իշխանության:

Վրացիների վրդովմունքի պատճառը ընտրական բարեփոխումների տապալումն է խորհրդարանում, որտեղ մեծամասնություն է կազմում «Վրացական երազանք» կուսակցության խմբակցությունը, բայց հենց իրենց նախաձեռնած օրինագիծը չընդունվեց:

Ընդդիմությունը սա «Բիձինա Իվանիշվիլիի կողմից բեմադրված ներկայացում» է համարում:

Այս տարվա ամռանը Թբիլիսիում տեղի ունեցած հուժկու ցույցերի ժամանակ Իվանիշվիլին խոստացել էր 2020 թվականի ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով, բայց խոստումը չկատարվեց:

Փորձագետների կարծիքով՝ «Վրացական երազանք»-ը վախ ունի, որ միայն համամասնական ընտրակարգով ընտրություններում կարող է պարտվել:

«Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լրագրողներին ասել է, որ Վրաստանն ամբողջությամբ համամասնական ընտրակարգի կանցնի 2024 թվականին, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ:

XS
SM
MD
LG