Մատչելիության հղումներ

Վրացական խորհրդարանը մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը


Մեծամասնական ընտրակարգը Վրաստանում կպահպանվի մինչև 2024 թվականը:

Երկրի խորհրդարանն այսօր կեսօրին, բուռն քննարկումներից հետո, մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը` փաստորեն չեղարկելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի՝ ամռանը տված խոստումը, որի համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով:

Հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգություններից հետո Իվանիշվիլին, հանրային անդորրը վերականգնելու նպատակով, նաև խոստացել էր, որ առաջիկա ընտրություններում կվերացվի կուսակցությունների` օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար սահմանված նվազագույն` 3 տոկոսանոց շեմը: Այս առաջարկը վրացական խորհրդարանն այսօր ևս մերժեց:

«Ներկայացված նախագծին կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ` երեքը: Նախագիծը մերժվել է, քանի որ դրա ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 113 օրենսդրի հավանությունը», - քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն:

Քվեարկության արդյունքներին խորհրդարանական ընդդիմությունը արձագանքեց սուլոցներով և հատուկ այս նպատակով նիստերի դահլիճ բերված շչակների խլացնող ձայներով:

Այն, որ խորհրդարանական մեծամասնության կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխումների փաթեթը կարող է մերժվել, պարզ դարձավ դեռ երեկ, երբ ներկայացված նախագծի դեմ անսպասելիորեն հանդես եկան «Վրացական երազանք» խմբակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված անդամները: Նրանց մի մասը ի վերջո չմասնակցեց քվեարկությանը, ինչն էլ սահմանադրության փոփոխությունների տապալման պատճառ դարձավ:

150 տեղանոց վրացական խորհրդարանում պատգամավորների գրեթե կեսը հենց մեծամասնականով է ընտրվում:

Վրաստանի ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սակայն չեն հավատում, որ մեծամասնական պատգամավորները սեփական կամքով են «ներկուսակցական ապստամբություն» բարձրացրել:

Ընդդիմադիրների համոզմամբ, մեծամասնական պատգամավորների միջոցով Իվանիշվիլին տապալեց ընտրությունների անցկացման՝ իր համար ոչ այնքան ձեռնտու տարբերակը, որին ստիպված էր եղել համաձայնել անհամեմատ ավելի անբարենպաստ պայմաններում` հունիսյան ներքաղաքական ճգնաժամի ընթացքում:

Այս տեսակետին են հակված մասնավորաբար Վրաստանի խորհրդարանի դիմաց հավաքված հարյուրավոր քաղաքացիական ակտիվիստները, որոնք մի քանի ժամ առաջ արգելափակեցին Ռուսթավելիի պողոտայի՝ խորհրդարանի շենքին հարող հատվածը:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկի` Շոթա Դիղմելաշվիլիի համոզմամբ, սահմանադրական փոփոխությունների շուրջ այս ողջ պատմությունը նախապես գծագրված թատերական ներկայացում էր․ - «Այս ամենը Բիձինա Իվանիշվիլիի բեմադրած կրկեսն է ու նրա գծած սցենարը: Եկեք նայենք վիճակագրությանը: Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից գրեթե ոչ ոք տարիների ընթացքում մի ելույթ անգամ չի ունեցել, մի ռեպլիկով հանդես չի եկել: Բայց այժմ հանկարծ նրանք իրենց դժգոհություններն են բարձրաձայնում»:

Օրվա ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները թիվը գնալով աճում էր: Քաղաքացիական ակտիվիստների փողոց դուրս գալու կոչերին օրվա երկրորդ կեսին սկսեցին միանալ նաև քաղաքական գործիչները: Առաջիններից մեկը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էր:

Նա Կիևից Վրաստանի քաղաքացիներին դիմեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով՝ ասելով․ - «Ինչպես և ակնկալվում էր, Իվանիշվիլին խաբեց բոլորին: Ես միայն մի բան գիտեմ` մոտենում է նոյեմբերի 23-ը, Սուրբ Գևորգի տոնը: Հենց այդ օրը վրաց ժողովուրդը պետք է իր ուժերի խաղաղ մոբիլիզացիա իրականացնի: Այս ռեժիմը այլևս զուրկ է լեգիտիմությունից: Ամեն ինչ այժմ մեր ձեռքերում է, իսկ մեր ուժը միասնականության մեջ է»:

Ի դեպ, դժգոհություններ են հնչում ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական ճամբարում: Սահմանադրական փաթեթի տապալումից քիչ անց «Վրացական երազանքի» մի շարք ազդեցիկ պատգամավորներ` փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, եվրաինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թամար Խուլորդավան, ընդհանուր առմամբ վեց պատգամավորներ հայտարարեցին խորհրդարանական մեծամասնությունը լքելու մասին:

Թբիլիսիում չեն բացառում, որ այս հրաժարականները կարող են իշխող կուսակցության ներսում երբևիցէ ծագած ամենախորը ներքին ճգնաժամի առաջին նախանշանները դառնալ: Դա էր թերևս պատճառը, որ ժամ առ ժամ խորացող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին շտապեց հայտարարությամբ հանդես` նշելով, թե ցավում է, որ իր կուսակիցների մի մասի պահվածքի հետևանքով հնարավոր չեղավ հաստատել սահմանադրական բարեփոխումների փաթեթը:

«Ես հիասթափված եմ», - ասել է Իվանիշվիլին:

Թբիլիսիի կենտրոնում հավաքված ցուցարարները սակայն Իվանիշվիլիի այս հայտարություններին այլևս չեն հավատում: Բողոքի ակցիան Ռուսթավելիի պողոտայում այս պահին էլ շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG