Մատչելիության հղումներ

Թբիլիսիի ոստիկանությունը ցրեց խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին


Թբիլիսի, 18-ը նոյեմբերի, 2019թ.
Թբիլիսի, 18-ը նոյեմբերի, 2019թ.

Թբիլիսիի ոստիկանությունը քիչ առաջ ջրցան մեքենաների և այլ միջոցների կիրառմամբ ցրեց Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որոնք երեկվանից վրաններ և բարիկադներ են տեղադրել Ռուսթավելի փողոցում՝ իշխող պատգամավորների մուտքը խորհրդարան արգելափակելու նպատակով։

Մինչ ուժայինների հատուկ գործողությունների մեկնարկը երկրի Ներքին գործերի նախարարությունը ընդդիմության 30 րոպե ժամանակ է տվել տարածքը լքելու համար։ «Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ, խորհրդարանի շենքի հարակից տարածքում հավաքված ցուցարարներին ցրելու ընթացքում ձերբակալվել է առնվազն ինը հոգի, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ և իրավապաշտպաններ, տուժածների մասին առայժմ չի հաղորդվում։

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է անցած շաբաթավերջին՝ իշխող ուժի կողմից ընտրական բարեփոխումների հարցով օրենսդրական նախաձեռնությունը տապալելուց հետո:

Ամռանը Վրաստանում աննախադեպ ցույցերի ֆոնին իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվինիշվիլին խոստացել էր կատարել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով անցկացնելու մասին ցուցարարների պահանջը: Այս տարվա հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգություններից հետո Իվանիշվիլին, հանրային անդորրը վերականգնելու նպատակով, նաև խոստացել էր, որ առաջիկա ընտրություններում կվերացվի կուսակցությունների` օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար սահմանված 3-տոկոսանոց շեմը՝ սահմանելով զրոյական ընտրական շեմ:

Նոյեմբերի 14-ին, սակայն, վրացական խորհրդարանի իշխող մեծամասնությունը մերժեց իր իսկ առաջարկած բարեփոխումները, ինչը նշանակում է, որ մեծամասնական ընտրակարգը Վրաստանում կպահպանվի մինչև 2024 թվականը: Սա դժգոհության աննախադեպ ալիք բարձրացրեց հանրության շրջանում, ընդդիմախոսները իշխանություններին մեղադրում են սուտ խոստումներ տալու մեջ:

Վրաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հանգստյան օրերին շարունակել են բողոքի գործողությունները, վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ՝ սպառնալով արգելափակել մուտքը եւ ներս չթողել իշխող ուժի պատգամավորներին խորհրդարանի շենք:

Այսօր նախատեսված էր Տարածաշրջանային քաղաքականության և ինքնավարության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստը, սակայն պատգամավորներից ոչ մեկին չի հաջողվել ներկայանալ դրան, ընդդիմադիր ակտիվիստները նրանց մուտքը արգելափակել են «դավաճան», «ստրուկ» վանկարկումներով:

Բողոքի գործողությունների պատճառ դարձած՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումից դժգոհ են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև իշխող ուժի մի խումբ անդամներ, այդ թվում՝ խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, ովքեր քվեարկությունից հետո լքել են խորհրդարանական մեծամասնությունը և օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոնները:

Իր հերթին, «Վրացական երազանք»-ի առաջնորդը քվեարկության տապալումից հետո շտապեց հայտարարել, թե իր նախաձեռնությունը ձախողել են բացառապես «Վրացական երազանք» խմբակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված անդամները:

Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդուհանդերձ, չեն հավատում, որ իշխող թիմի անդամները սեփական կամքով են «ներկուսակցական ապստամբություն» բարձրացրել: Ընդդիմախոսները համոզված են՝ մեծամասնական պատգամավորների միջոցով Իվանիշվիլին տապալեց ընտրությունների անցկացման՝ իր համար ոչ այնքան ձեռնտու տարբերակը, որին ստիպված էր համաձայնել ներքաղաքական ճգնաժամի պայմաններում:

Ակցիաների ֆոնին իշխող ուժը հայտարարել է՝ մտադիր չեն քննարկել ընտրական բարեփոխումների հարցով ընդդիմության պահանջը:

«Ընտրությունները կանցկացվեն գործող Սահմանադրությանը համապատասխան, սահմանված ժամկետներում, բարձրագույն ժողովրդավարական չափանիշներով և միջազգային հանրության ներգրավվածությամբ», - հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Երեկվանից խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմադիրներին Կալաձեն հորդորել էր գնալ և պատրաստվել ընտրությունների ու հանրության շրջանում աջակցության բացակայությունը չվերագրել ընտրական համակարգին:

XS
SM
MD
LG