Մատչելիության հղումներ

Ալվինա Գյուլումյանի համար անընդունելի տարբերակ է մնում ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակների օրինագիծը


Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Կառավարությունը, անընդունելի տարբերակ է մնում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի համար:

«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ դա ինձ համար ընդունելի տարբերակ չէ, որովհետև, միևնույն է, ես համոզված եմ, որ չի կարելի վարձատրվել չարած աշխատանքի համար, սա՝ առաջին խնդիրը, որը ես տեսնում եմ օրինագծի հետ կապված», - շեշտեց Գյուլումյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում՝ շարունակելով․ - «Եվ երկրորդը՝ ընդունենք մի պահ, որ իմ գործընկերներից ինչ-որ մեկը համաձայնվեց դրա հետ, և դա նրանցից մեկն է, ով տաս և ավելի տարիներ դեռ ունի պաշտոնավարելու համար․ արդյո՞ք մեր պետությունը այդքան հնարավորություններ ունի, որ տաս և ավելի տարիներ ինչ-որ մեկին վարձատրի նրա չկատարած աշխատանքի համար»:

«Ես կարծում եմ, որ դա անընդունելի առաջարկ է, համենայն դեպս՝ ես ինքս անձամբ չեմ պատրաստվում այդ առաջարկը ընդունել, որքան էլ որ գայթակղիչ լինի թե՛ գումարի չափը, թե՛ միգուցե առանց աշխատելու աշխատավարձ ստանալ և զբաղվել ուրիշ գործունեությամբ: Այդ ամենը, մի անգամ արդեն ասել եմ, որ դատավորի համար, իրավաբանի համար ես ինքս բարոյական չեմ համարում»», - նշեց ՍԴ դատավորը:

Այդուհանդերձ, Ալվինա Գյուլումյանի խոսքով, օրինագծի հետ կապված «մի բան ողջունելի է՝ որ, ամեն դեպքում, շեշտը դրվում է կամավորության վրա, որ միայն կամավոր կարող են դատավորները այդպիսի կենսաթոշակի գնալ»: «Բայց այստեղ ևս խնդիր է առաջանում», - ասաց ՍԴ դատավորը՝ մանրամասնելով․ - «Մեկ այլ կետով օրինագծի ասվում է, որ եթե երեք և ավելի դատավորներ են նման հրաժարական տալիս, ապա որոշակի ժամանակահատվածում նոր առաջադրումներ են ընդունում, իսկ մի պահ եկեք տեսականորեն պատկերացնենք, որ յոթն էլ հրաժարական են տալիս, ինչպե՞ս ենք ապահովելու դատարանի գործունեության շարունակականությունը՝ ինչ-որ մի պահ դատարանը իսկապես մնալու է առանց դատավորների»:

«Եթե մենք այսօր խնդիր ունենք և ամիսներ շարունակ չենք կարողանում Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամի տեղը համալրենք, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում Սահմանադրական դատարանի դատավորների մի ամբողջ խումբի հեռանալու դեպքում դրա համալրումը: Պրակտիկ առումով, կարծում եմ, դա այնքան էլ մտածված առաջարկ չէ», - ընդգծեց Ալվինա Գյուլումյանը:

Կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագծով՝ եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի նոյեմբերի 17-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG