Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երևանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նախ նշել է, որ վերջին անգամ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում եղել է երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ, և որ այդ փոփոխությունների արդյունքում երկու երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Ապա Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահի, վարչապետի հետ:
«Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երևանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, և իրոք մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա: Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նկատել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ունեցել է արդյունավետ նախագահություն՝ հիշեցնելով, որ վերջերս Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:
«Կարծում եմ՝ այն աննախադեպ միջոցառում էր իր մասշտաբներով: Ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի, Սերբիայի հետ, ուժի մեջ մտան Իրանի հետ ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, նաև Չինաստանի հետ պայմանագիրը: Այս համատեքստում, բավականին լավ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները, և մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավականին լավ արդյունք է» ,- նշել է Հայաստանի վարչապետը:
Ըստ նրա, այս ամենը ստեղծում են շատ կարևոր ազդակներ՝ երկու երկրների միջև ռազմավարական, դաշնակացային հարաբերությունների հետագա զարգացման համար: Նա վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկրների դաշնակցային հարաբերություններին, և հավելել, որ ինքը ևս, ինչպես ռուսաստանցի հյուրը շատ մեծ օպտիմիզմով է նայում երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը:
Սերգեյ Լավրովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վարչապետին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի ջերմ ողջույնները և ընդգծել տարբեր գերատեսչությունների գծով Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ շփումների փաստը:
«Ռուսաստանի նախագահի հետ Դուք այս տարի հանդիպել եք 4 անգամ, նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Մենք շատ սերտ և ինտենսիվ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես Դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական Դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ առաջիկայում տեղի է ունենալու հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, նախապատրաստվում է նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Նա ուրախությամբ արձանագրել է, որ զարգանում է նաև երկկողմ առևտրաշրջանառությունը, և այն շարունակ աճում է: «Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողը: ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր համագործակցությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, և մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ: Մի քանի շաբաթից Բիշքեքում տեղի կունենա ևս մի կարևոր միջոցառում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ ևս պետք է առաջ մղենք մեր փոխգործակցությունը՝ կապված ռազմաքաղաքական անվտանգության և դաշնակցային համագործակցության հետ», - ասել է Սերգեյ Լավրովը:
Հայաստանի վարչապետն ու ՌԴ ԱԳ նախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քաղաքական և տնտեսական համագործակցությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության պահպանման գործում:
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը և հումանիտար ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման առումով: