Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև հաճախակի հանդիպումները, տարբեր ոլորտներում շարունակաբար խորացող փոխգործակցությունը վկայում են հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման մասին:
Ընդգծելով, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից և նշել, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը կնպաստի դրա հետագա ընդլայնմանը:
ՌԴ պաշտպանության նախարարն էլ նշել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն ակտիվ և արդյունավետ զարգանում է: Սերգեյ Շոյգուն գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությունից և դրա հետագա զարգացման համատեքստում կարևորել այսօր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թթվականի ծրագրի ստորագրումը:
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Շոյգուն մտքեր են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման, ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության հետագա խորացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ իրականացվող մարդասիրական հայկական առաքելության շուրջ:
ՀՀ վարչապետը և ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են նաև 1945 թվականին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ համատեղ անելիքներին: