Մատչելիության հղումներ

Երևանում կայացան Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումները


Երևանում այսօր երեկոյան կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքում հաղորդում է Հայաստանի վարչապետը:

«Հանդիպում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ» գրառման ներքո հրապարակված է կարճ տեսանյութ, որում երկու պետությունների ղեկավարները բարձր են գնահատում Երևանում անցկացված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի արդյունքները, մասնավորապես՝ նիստին Իրանի և Սինգապուրի ղեկավարների մասնակցությունը, Սինգապուրի հետ ԵԱՏՄ-ի և անդամ երկրների ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը և Իրանի ու ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Փաշինյանն ու Պուտինը նաև շեշտում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը:

Ավելի ուշ վարչապետը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ փոխանցել է․ - «Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին մասնավորապես ասել է․ - «Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում, ունենալ այս հնարավորությունը՝ Ձեզ հետ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը: Կարծում եմ, որ այսօր իսկապես Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի են ունեցել հատկանշական իրադարձություններ, մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտնում Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, և ես շատ ուրախ եմ, որ այս ամենը տեղի է ունենում Երևանում: Դա հիշարժան փաստ է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության համար: Անկեղծ ասած, ես գոհ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությունն այսպիսին եղավ: Իհարկե, դեռևս կա ժամանակ, ես հույս ունեմ, որ մեզ դեռևս կհաջողվի ԵԱՏՄ-ում արձանագրել այլ արդյունքներ ևս»:

«Եվ իհարկե, մեզ համար շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է, և մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ու ավելի ամուր: Ամեն դեպքում մենք այդպես ենք տրամադրված», - ասել է վարչապետը:

Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ասել է․ - «Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների և տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: Դրանք իսկապես լավն են և երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, և, որ, ավելի կարևոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջև բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաև շնորհակալություն հայտնել»։

Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Պուտինը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան:

Հանդիպման մասին համանման հաղորդագրություն է տարածել նաև Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ժամեր առաջ էլ Հայաստանի վարչապետը կրկին Ֆեյսբուքում գրել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ևս մեկ հանդիպում է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում․ - «Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»:

XS
SM
MD
LG