Մատչելիության հղումներ

Մնացականյանն ու Լավրովը մասնակցեցին Մեծ հայրենականի ավարտի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը


Երեկ երեկոյան Երևան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի իր գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ առաջինն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդես՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակին:

«Հայ ժողովրդի ներկայացուցիչները Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ ուս-ուսի պաշտպանել են Բրեստն ու Մոսկվան, մարտնչել են Ստալինգրադի ու Կուրսկի մոտ, ազատագրել են Կովկասն ու Ղրիմը: Հայ ժողովուրդը իրավամբ հպարտանում է իր հերոսներով, որոնք անգնահատելի ներդրում են ունեցել նացիզմին հաղթելու գործում: Ռուսաստանում բարձր են գնահատում այն մշտական ուշադրությունը, որ հատկացնում են Հայաստանում՝ Հայրենական մեծ պատերազմի հիշատակին», - հայտարարեց Լավրովը:

Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի կարևորության մասին խոսեց նաև Հայաստանի արտգործնախարարը՝ այն կոչելով ընդհանուր տոն:

«Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, դա մեր ընդհանուր հիշողությունն է այն մասին, թե ինչպես ենք ուս-ուսի մարտնչել, պայքարել և հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ: Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիցիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է: Սա իրավամբ համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր», - ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, երկօրյա պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լավրովի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Լավրովի այցին ընդառաջ, պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ նախարարը Երևանում քննարկելու է երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ գծով, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում արտաքին քաղաքական փոխգործակցությունը, նախատեսվում է ստորագրել Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2020-2021 թվականների ծրագիրը:

XS
SM
MD
LG