Մատչելիության հղումներ

Ամուլսարի գործով Քննչական կոմիտեն նոր տվյալներ է ձեռք բերել, որոնք ենթադրում են քննություն` նոր ուղղությամբ


Տեխնիկան և շինությունները Ամուլսարի հանքի տարածքում, արխիվ
Տեխնիկան և շինությունները Ամուլսարի հանքի տարածքում, արխիվ

Ամուլսարի հանքի շահագործման գործով Քննչական կոմիտեն մի շարք տվյալներ է ձեռք բերել, որոնք ենթադրում են քննություն կատարել նոր ուղղությամբ: Կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի խոսքով՝ քննությունն ընթանալու է երեք մասերով, դրանցից մեկը շրջակա միջավայրի վրա ազդեցության ժամանակին տրված գնահատականին (ՇՄԱԳ) է վերաբերում:

«Բնապահպանության նախարարության էդ ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը, որը որ տալիս է եզրակացությունը՝ հիմնվելով այլ շահագրգիռ մարմինների կողմից տրված եզրակացությունների վրա, նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ժամանակին չի ստուգվել, կամ արդյո՞ք պատշաճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած այդ տվյալները», - ասաց Գրիգորյանը:

Մյուսը կառավարության պատվերով Ամուլսարի ՇՄԱԳ-ի ուսումնասիրությունն անցկացրած «Էլարդ» ընկերությանն է վերաբերում: «Եվ երկրորդը՝ ես կարծում եմ, որ «Էլարդ»-ի փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա՝ պարզաբանումնե՛ր տալու համար», - նշեց Քննչական կոմիտեի նախագահը:

Քննչական կոմիտեն ի սկզբանե Բնապահպանության նախարարությունից պահանջել է և ստացել Ամուլսարի հանքի շուրջ բոլոր կարևոր փաստաթղթերը, սակայն երբ վարչապետ Փաշինյանը հանձնարարեց ստուգել՝ կա՞ նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն, թե՞ ոչ, ըստ Գրիգորյանի ի հայտ են եկել մի շարք փաստաթղթեր, որոնք իրենց չէին տրամադրել․ - «Եվ դա պայմանավորում է քննության նոր զարգացում»:

Այս մասով Քննչական կոմիտեի նախագահն այլ մանրամասներ չներկայացրեց:

Դեպքերի այսպիսի զարգացումը սպասելի էր, «Ազատության» հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: Ըստ նրա՝ կա մի շրջանակ, որը որոշ տվյալներ է թաքցրել: «Այսինքն, մարդիկ, ովքեր իբր փորձագետներ են, փորձել են էնպիսի տպավորություն ստեղծել, որ «մենք ամեն ինչ ուսումնասիրել ենք»՝ և՛ ջրերի վրա, ուրեմն, ամբողջ ազդեցությունը, և՛ փոշու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, և իհարկե, ամենամեծ փաստը, որ թաքցվել է բոլորից, դա ուրանի առակայությունն է շրջակայքում», - նշեց բնապահպանը:

Նախորդ դարի կեսերին սովետական իշխանություններն Ամուլսարի տարածքում հետազոտություն են անցկացրել, որին հղում անելիս մի շարք բնապահպաններ պնդում են, որ այնտեղ ռադիակտիվ տարր հանդիսացող ուրան կա, թեկուզ՝ չնչին քանակով:

«Եթե հանքի շրջակայքում կա ուրան, ապա հնարավոր չի, որպեսզի հանքը շահագործելու ժամանակ էդ ուրանը ազդեցություն չունենա շրջապատի վրա», - ընդգծեց Սիլվա Ադամյանը: Հարցին՝ «այսինքն, ըստ Ձեզ, ՇՄԱԳ-ի մեջ այդ փաստը անտեսե՞լ են», բնապահպանն արձագանքեց․ - «Իհարկե չկա»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG