Մատչելիության հղումներ

Վարչապետի խոսնակ․ Նոր ՇՄԱԳ-ի շուրջ քննարկումն ավարտված չէ


Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս պահին հստակ չէ, թե արդյոք Ամուլսարի հարցի առնչությամբ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, թե ոչ՝ հավելելով, որ հանրությանը համապարփակ տեղեկություն ներկայացնելու նպատակով աշխատանքները շարունակվում են:

Օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայաստանյան արբեր գերատեսչությունների ու «Էլարդ» և «Լիդիան» ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած աղմկահարույց տեսակոնֆերանսը եզրափակվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր ՇՄԱԳ-ի կարիք կա: Պատասխանը պետք է տրվեր մինչև սեպտեմբերի 4-ը, սակայն երեկ հանրությանը համար այդպես էլ պարզ չդարձավ՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ:

«Կարող եմ ճշգրտող դիտարկում անել: Մասնավորապես, վարչապետը հանձնարարել էր Շրջակա միջավայրի նախարարությանը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ: Ինչը և արվել էր․ երեկվա նիստին նախարարը հանգամանալից խոսել էր այդ թեմայի վերաբերյալ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները՝ հանրության համար ավելի համապարփակ տեղեկություններ փոխանցելու նպատակով»:

Ժամկետների մասին հարցին Կարապետյանն արձագանքեց․ - «Չեմ կարող ասել այս պահին: Բայց կարող եմ մի բան ասել, որ պատկան գերատեսչությունները շատ ինտենսիվ աշխատում են, որպեսզի արձագանքենք եղած հարցերին: Քննարկումը ավարտված չլինելու պատճառով է, որ ես այս պահին չեմ կարող վերջնական պատասխան տալ»:

Վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ կայացել է խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:

«Ազատության» հետ զրուցում բնապահպան Աննա Շահնազարյանը նշեց, որ հանրությունը սպասում է, թե իշխանությունները, ի վերջո, ինչ որոշում են կայացնելու․ - «Մենք սպասում ենք այդ գրավոր փաստաթղթի հրապարակմանը: Դա շատ կարևոր ինֆորմացիա պարունակող փաստաթուղթ է: Այն, ինչ հանրությունը անում է, այն, ինչ անում ենք մենք, որ հետամուտ ենք հանրային շահի, մարդկանց իրավունքների պահպանմանը և հաստատմանը, մենք մեր մասով կարող ենք հարցերը պարզաբանել: Ինչո՞ւ կառավարությունը չի անում»:

Օրերս հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեի՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով 2016 թվականին հաստատել է Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը, ազգականներ են, Քննչական կոմիտեում ծառայողական քննություն էր նշանակվել:

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հերքեց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի աշխատանքից ազատման մասին լրատվամիջոցների հաղորդումները՝ հավելելով, որ Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել, շարունակում է պաշտոնավարել, իսկ ծառայողական քննությունը շարունակվում է ու քննության ավարտից հետո կկայացվի որոշում:

XS
SM
MD
LG