Մատչելիության հղումներ

«Ըստ էության»․ ՍԴ նախագահի շուրջ վերջին զարգացումները


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երեկ չմասնակցեց իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագծի քննարկումներին: Նախագիծը գաղտնի քվեարկության կդրվի այսօր և ամենայն հավանականությամբ կընդունվի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար առնվազն 80 ձայն է անհրաժեշտ, իսկ իշխանական «Իմ քայլը» 88 պատգամավոր ունի, «Լուսավոր Հայաստան»-ը ևս հայտարարել է, որ կողմ է քվեարկելու: Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարել է, որ չի մասնակցի նախագծի քվեարկությանը:

Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ բանավիճում են «Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերը՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ստորև՝ հատված հաղորդումից․

«Ազատություն»․ - Պարոն Բագրատյան, այն, որ այսօրվա տեքստում Հրայր Թովմասյանը միայն ձեր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էր ներողամտություն հայցում, որ չի գալու և այդ քննարկմանը չի մասնակցելու, չի՞ վկայում արդյոք, որ դուք նույն բևեռում եք և սատարում եք իրեն անգամ չքվեարկելով, չմասնակցելով այդ քվեարկությանը:

«Ազատություն»․ - Եվ, ի վերջո, ինչի՞ն եք դեմ, որովհետև նախկինում դեմ եք եղել, հիմա էլ, չե՞ք կարծում, որ, ամեն դեպքում, խուսափում եք պատասխանատվությունից: Դուք՝ ի նկատի ունեմ խմբակցությունը:

Սերգեյ Բագրատյան․ - 2017 թվականին Հրայր Թովմասյանի թեկնածությունը ՍԴ նախագահի պաշտոնում մենք մերժել ենք, և, հետևաբար, մեր մերժումը չի փոխվել՝ մենք նույն կարծիքին ենք մնում և այժմ: Բայց մենք չենք ընդունում այդ ձևակերպումը, որ իրավական իբրև գործընթաց է, այնինչ շատ խոցելի փաստաթուղթ է: Եվ մենք չենք քվեարկում պարզ պատճառով, որ չենք ցանկանում խանգարել նախաձեռնությունը իրականացնողներին՝ շատ պարզ քաղաքական մոտեցում է: Մենք չենք ընդունում այդ փաստաթուղթը այդ տեսքով, միանալ և գնալ մերժվել ՍԴ-ում, և մենք չենք ցանկանում խոչընդոտել իշխող քաղաքական ուժին՝ իր տեսլականը իրականացնելու: Մենք կողջունենք, եթե իրականացնի, բայց համոզված չենք, այդ պատճառով մեր քաղաքական դիրքորոշումն է չքվեարկելը:

«Ազատություն»․ - Այդ փաստաթղթից վերանալով, խոցելի չէ՞ Հրայր Թովմասյանը, պարոն Բագրատյան:

Բագրատյան․ - Դե եթե ես ասում եմ՝ շարունակվում է մեր մերժումը, այսինքն՝ Հրայր Թովմասյանին որպես ՍԴ նախագահի թեկնածու մենք չենք տեսել իր հենց առաջադրման օրվանից, ոչինչ չի փոխվել մեր պատկերացումների մեջ:

Միքայել Զոլյան․ - Կատարվել են շատ կոնկրետ գործողություններ, որոնք կասկածի տակ են դնում իր հետագա պաշտոնավարումը, և դրա վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որոնք մենք՝ որպես Ազգային ժողով, պարտավոր էինք բարձրաձայնել և դա արեցինք:

Հիմա՝ դրա վերաբերյալ, թե արդյոք Սահմանադրական դատարանը դա կընդունի, թե ոչ: Իհարկե Սահմանադրական դատարանը կարող է դա չընդունել:

«Ազատություն»․ - Չէ՞, ի սկզբանե կարելի էր կռահել, որ սա անպտուղ գործընթաց է, որովհետև այնտեղ իր թիմակիցները իրեն զորակցելու են, և վիժեցվելու է այդ գործընթացը:

Զոլյան․ - Ամեն դեպքում, հիմա մենք, մենք, գիտե՞ք, չենք կարող ի սկզբանե ընդունել, ասել, որ այ էս մարդիկ, ովքեր Սահմանադրական դատարանում են, «մենք ձեզ, գիտե՞ք, չենք վստահում, դուք Հրայր Թովմասյանի թիմակիցն եք, վերջ, մենք ձեզ վրա թքած ունենք»:Մենք գնում ենք օրենքի տառով: Հիմա պատասխանատվությունը այդ մարդկանցն է:

Արման Բաբաջանյան․ - Հեղափոխությունը կայունություն չի ենթադրում, հեղափոխությունը կայուն այն զարգացումների տրամաբանական վերջակետն էր, որոնք որ մտածվել էին քսան տարի առաջ, երկիրը հենց այդպիսի կայուն, էսպես, վերարտադրությունների մեջ էր: Վահե Գրիգորյանը ընդամենը երկու ամիս առաջ նամակ է գրել Ազգային ժողովի նախագահին, մինչև հիմա Ազգային ժողովը միակ մարմինն է, որը չի գնահատել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը: Սահմանադրական բոլոր մարմինները, նախագահը, Բարձրագույն դատական խորհուրդը, վարչապետը հայտարարել են, որ ճգնաժամ կա Սահմանադրական դատարանի շուրջ, Ազգային ժողովի նախագահը Ազգային ժողովի անունից հանդես չի եկել նման հայտարարությամբ, այսինքն․․․

«Ազատություն»․ - Բայց իր անունից վերջերս մի տեքստ ասաց, չէ՞, արտահերթ ելույթ ունեցավ․․․

Բաբաջանյան․ - Պաշտոնական հայտարարություն եմ պատկերացնում ես, այդ հայտարարությունը ընդամենը այս գործընթացի մեկնարկի վերաբերյալ հայտարարություն էր:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG