Մատչելիության հղումներ

ԱԺ-ում ավարտվեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագծի քննարկումը


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը չմասնակցեց իր լիազորությունները դադարեցնելուն վերաբերող նախագծի քննարկումներին:

Թովմասյանը գտնում է, որ իշխանական «Իմ քայլի» նախաձեռնած գործընթացը, «ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն»:

Թովմասյանի հայտարարությունը տարածվեց այսօր Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Նախօրեին «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թովմասյանը նույն պնդումն է արել․ - «Այս պրոցեսը, իմ կարծիքով, քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը, որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մարմին, որ մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել ստոպ, որովհետև դրանք հակասում են Սահմանադրությանը: Բուն նպատակը դա է»:

Հրայր Թովմասյանը երեկ ըստ էության նաև ակնարկել է, որ ինքնակամ չի հեռանալու․ - «Եթե սա լիներ Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիրը, ես Ձեզ վստահեցնում եմ, ես շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, ինձ համար այսօր դա մեր սահմանի այսօր ինձ վստահված տարածքն է՝ Սահմանադրական դատարանը: Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորի համար: Եվ այստեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը․․․ դրանք դավաճանությանը հավասար որոշակի խոսքեր են»:

Խորհրդարանում քննարկված որոշման նախագծի հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են: Անդրադարձ կա ՍԴ նախագահի և ՀՀԿ-ի փոխկապակցվածությանը, իսկ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանի շահերը, կարծում են, համընկնում են:

Հիմքերն ընդհանուր առմամբ 4-ն են, մեկն էլ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական կապի մասին՝ Թովմասյանի չբարձրաձայնելն է՝ այդպիսով սեփական անձի վարույթից հեռացվելու հարցը քննարկման առարկա չդարձնելը:

Իշխանական «Իմ քայլի» նախագծին իրավական գնահատական տալ Հրայր Թովմասյանը երեկվա հարցազրույցում հրաժարվեց՝ պատճառաբանությամբ, թե հետագայում դա կարող է դիտարկվել ՍԴ-ի նկատմամբ ճնշում։

Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունց

ԱԺ-ի իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տարակուսած էր․ - «Պարոն Թովմասյանը երեկ հարցազրույցի ընթացքում նշել էր, որ քանի որ ընթացակարգը իրավական է, նա զերծ կմնա այդ տիրույթում որևէ հայտարարություններ անելուց: Այնուհետև, չգիտես ինչու, տեղափոխվում է քաղաքական դաշտ»:

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը») Հրայր Թովմասյանի այսօրվա հայտարարությունը քաղաքական է համարում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորը օրենքով է պարտավոր դրսևորել քաղաքական զսպվածություն․ - «Իր հայտարարության մեջ նա ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչի մասին այսօր խոսում են բոլորը: Առ այն, որ ինքը Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է մնացել, խորհրդի անդամ է մնացել, և տարանջատելով ինստիտուտի, Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը այլ կուսակցություններից, Ազգային ժողովից՝ դա քաղաքական հերթական հայտարարությունն է և անհարգալից վերաբերմունք Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի նկատմամբ: Մարդը, որ երեկ ամպագոռգոռ բաներից էր խոսում՝ հայրենասիրությունից, պետությունից, պետականաշինությունից, պետական ինստիտուտներից, իրավունք չունի Ազգային ժողովը տարանջատել, չհարգել և նման հայտարարություններ անել»:

«Բարգավաճ Հայաստանից» Գևորգ Պետրոսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու Հրայր Թովմասյանը խորհրդարանի երեք խմբակցություններից միայն «Բարգավաճ Հայաստանն» առանձնացրեց, ու նրանցից հայցեց ներողամտություն, որ չի տվել իրեն հարցեր ուղղելու հնարավորություն:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը, հիշեցնեմ, երեկ հայտարարել էր, որ չի մասնակցի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությանը։

Գևորգ Պետրոսյան
Գևորգ Պետրոսյան

«Մեզ ո՛չ Քոչարյանի հետ կապեք, ո՛չ Հրայր Թովմասյանի հետ: Գնացեք Քոչարյան - Հրայր Թովմասյան կապերի մասին հարցեր ուղղեք իրենց: Մենք ասում ենք՝ այս հարցի մի շեղեք, մի տարեք քաղաքական հարթություն», - նշեց Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանը պնդում էր, որ իրենք միանում են նախաձեռնություններին, եթե համոզված են, որ դրանք իրավական հիմնավորվածության տեսանկյունից խոցելի չեն․ - «Որովհետև այնտեղ չկա էական կարգապահական խախտում: Քավոր-սանիկությունը ի՞նչ կապ ունի: Չկա շահերի բախում: Որևէ օրենք ցույց տվեք, որտեղ գրած լինի, որ քավոր-սանիկությունը շահերի բախում է»:

«Ազատության» հարցին, թե կիսում է արդյոք Թովմասյանի այն տեսակետը, որ քաղաքական նպատակաուղղվածություն և սուբյեկտիվիզմ կա, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց․ - «Ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել: Եթե որոշումը կայացրել է դատարանը, հիմա ինչո՞ւ են հետապնդում միայն Հրայր Թովմասյանին: Բայց եթե ես հիմա շարունակեմ, արդեն սկսելու են՝ պաշտպանեց Գևորգ Պետրոսյանը Հրայր Թովմասյանին: Ասել ենք, կրկնում ենք՝ մեր համար Հրայր Թովմասյան անձնավորությունը հետաքրքրություն չի ներկայացնում: Մենք իրավական խնդիր ենք բարձրացնում: Իրենք էլ են հայտարարել, ասել են՝ այս հարցը իրավական բնույթ ունի: Հիմա մենք էլ ասում ենք՝ հարգելի գործընկերներ, իրավական բնույթ ունի, մենք էլ իրավական առումով չենք կիսում ձեր կարծիքը: Պարտավո՞ր ենք կիսել»:

Որոշման նախագիծը գաղտնի քվեարկության կդրվի վաղը և, ամենայն հավանականությամբ, կընդունվի։ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար առնվազն 80 ձայներ են անհրաժեշտ, իսկ իշխանական «Իմ քայլը» 88 պատգամավոր ունի։ Բացի այդ, խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» մի քանի օր առաջ է հայտարարել, որ կողմ են քվեարկելու։


XS
SM
MD
LG