Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն կողմ կքվեարկի ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծին, ԲՀԿ-ն դեռ դիրքորոշում չունի


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը, 4-ը սեպտեմբերի, 2019թ․
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը, 4-ը սեպտեմբերի, 2019թ․

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին: Պետաիրավական հանձնաժողովում խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիմնավորեց իրենց դիրքորոշումը:

«Կողմ ենք քվեարկելու այն հիմնավորմամբ, որ Սահմանադրական դատարանը ինքը որոշի՝ այստեղ էական կարգապահական խախտում կա՞, թե՞ ոչ, որովհետև Ազգային ժողովը էական կարգապահական խախտում արձանագրող մարմին չէ», - նշեց Սիմոնյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց՝ իրենց դիրքորոշումը Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերաբերյալ հայտնել են այդ պաշտոնում նրան առաջադրելու փուլում՝ դեմ են քվեարկել նրա թեկնածությանը: Իսկ լիազորությունների դադարեցման վերաբերյալ միասնական դիրքորոշումը կհայտնեն խմբակցության նիստից հետո:

«Այն, որ մեր որևէ ատյանի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի հանդեպ որևէ ժամանակ երբևէ չի եղել խորը վստահություն և խորը ակնածանք, դա փաստ է, և «Բարգավաճ Հայաստան»-ը երբևէ չի եղել կաշկանդված ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ ինչ-ինչ խնդիրներով, և, բնականաբար, ես կարծում եմ՝ մեր որոշումը առաջիկա 1-2 օրերին կհրապարակվի», - ասաց Զոհրաբյանը։

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծն այսօր քննարկվում էր Պետաիրավական հանձնաժողովում, կշարունակվի հոկտեմբերի սկզբի լիագումար նիստում: Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին լիագումար նիստում նախագիծն ընդգրկելուն: Միայն ԲՀԿ-ական Նորա Առուստամյանն էր ձեռնպահ:

Նախագծի հեղինակը իշխող «Իմ քայլը» խմբակցությունն է: ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերը, ըստ խորհրդարանական մեծամասնության, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի թույլ տված էական կարգապահական խախտումներն են, իսկ դրանք կասկածելի են դարձնում դատարանի անաչառության սկզբունքը:

Նախագծի հիմնական զեկուցող, իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց լիազորությունների դադարեցման ներկայացված հիմքերը. «Նախաձեռնման հիմքում դրված չեն որևիցե քաղաքական շահեր, քաղաքական նպատակահարմարություն կոնկրետ իշխանության կամ այլ սուբյեկտի կողմից։ Ստեղ հանրությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան, որի ասածը լինի աներկբա։ Երբ որ Սահմանադրական դատարանի թեկուզ դատավորներից մեկի անաչառությունը օբյեկտիվ կասկածի տակ է լինում և հետևողականորեն չեն անդրադառնում այդ հարցին, դա արդեն Սահմանադրական դատարանի հեղինակազրկմանը կարող է բերել»։

Նախագծում ներկայացված է չորս հիմք: Նախ Հրայր Թովմասյանի՝ նախկինում Հանրապետական կուսակցության անդամ լինելը և այդ իշխանության օրոք բազմաթիվ պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը: Նախագծում հիմնավորվել է ՍԴ նախագահի և ՀՀԿ-ի փոխկապակցվածությունը և Մարտի 1-ի գործով ՀՀԿ-ի և Քոչարյանի շահերի համընկնումը:

Հիմքերից մեկն էլ Հրայր Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական կապն է: «Խոսքը գնում է բացառապես պարոն Թովմասյանի կողմից նման կապի առկայության պարագայում դրա մասին չբարձրաձայնելու և սեփական անձի վարույթից հեռացվելու հարց չբարձրացնելը», - ասաց Գրիգորյանը։

Երրորդ հիմքը Մարտի 1-ի գործով Թովմասյանի նախկին դիրքորոշումներն են, որոնք բխել են նախկին իշխանության շահերից:

Եվ վերջապես, Քոչարյանի դիմումը վարույթ ընդունելիս պետք է քննարկվեր դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ հարցը, ինչի վերաբերյալ որոշում չկա: Խուսափել են քննել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը, որով հիմնավորել է Թովմասյանի մասնակցության անհնարինությունը Քոչարյանի դիմումի քննությանը:

Նախագծի քննարկումը հարթ չանցավ: ԲՀԿ-ական խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին դուր չեկավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը: Նա առաջարկեց, որ Ազգային ժողովը քրեաիրավական գնահատական տա մինչև ՍԴ նախագահ ընտրվելը Հրայր Թովմասյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վիճահարույց գործընթացին: Գևորգ Պետրոսյանը վրդովված ընդհատեց, թե ինչ կապ ունի առաջարկն օրակարգի հետ:

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է: Հրայր Թովմասյանը չի կարող մասնակցել իրեն վերաբերող դիմումի քննությանը, կմասնակցի ութ դատավոր, որոշման համար անհրաժեշտ է առնվազն վեց դատավորի քվե: Իսկ խորհրդարանում ընդունելու 80 կողմն է բավարար:

XS
SM
MD
LG