Մատչելիության հղումներ

Դեսպան Վիկտորին․ ԵՄ-ն հետևելու է Հայաստանում դատական համակարգի բարեփոխմանը


«Եթե Եվրամիությունը դատական համակարգի բարեփոխումներում խնդիր տեսնի, ուղիղ կհայտնի այդ մասին», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց դատական բարեփոխումներին նվիրված համաժողովին մասնակցող ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նա չցանկացավ մեկնաբանել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և շրջանառության մեջ դրված՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու որոշման նախագիծը:

Վիկտորինը Հայաստանում առաջին անգամ չէ, որ դիվանագիտական առաքելություն է ղեկավարում․ նա 2007-2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը։

«Շատ տպավորիչ է և մենք ողջունում ենք այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը կայուն կամք է դրսևորում դատական բարեփոխումներ իրականացնելու համար: Թույլ տվեք ասել, որ դուք շատ բարդ գործընթացում եք գտնվում և անդրադառնում եք ամենաբարդ հարցերից մեկին: Ես տասը տարի առաջ եմ տեսել, թե ինչ է նշանակում, երբ հասարակ քաղաքացին վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ: Ես մեծ հանձնառություն եմ տեսնում կառավարության կողմից ռազմավարությանը և դրանից բխող գործողությունների ծրագրին ընթացք տալու ուղղությամբ և նորից ուզում եմ ընդգծել՝ եկեք նայենք գործընթացին դրական առումով», - ասաց դեսպան Վիկտորինը:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի սկզբին մեկնարկող լիագումար նիստում:

Ըստ նախագծի, Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությանը Հրայր Թովմասյանի մասնակցությամբ խախտվել է դատարանի անաչառության սկզբունքը: Քոչարյանի գործով Հրայր Թովմասյանի անկողմնակալությունը կասկածի տակ է դրվում նաև նրա նախկինում ՀՀԿ-ին անդամակցելու փաստով: Նախագծի հեղինակները պնդում են, Քոչարյանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի քրեական գործով:

Նախագծի վերաբերյալ հրաժարվեց գնահատական հնչեցնել նաև Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը՝ պատճառաբանությամբ, թե այսօր հայտնած իր կարծիքը կարող է հետագայում իր ինքնաբացարկի հիմք հանդիսանալ․ - «Իմ մի բառը, որը կարող է ինչ-որ ձևով ընկալվել, կարող է արգելք հանդիսանալ գործի քննությանը իմ մասնակցության համար: Իսկ այդպիսի արգելքի դեպքում, մեկ-երկու դատավորի նման արգելքի դեպքում մենք կարող ենք ընդհանրապես քվորումի խնդիր ունենալ»:

Նա հավելեց, որ Հրայր Թովմասյանի չի մասնակցելու գործի քննությանը: Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին, ապա Գյուլումյանն ասաց, թե դեռ չի կարող ասել․ - «Որովհետև ընդունված կարգի համաձայն, բացարկի միջնորդությունը պետք է արվի դիմումը քննության ընդունելու պահին: Եվ այդ պահին, երբ որ կորոշվի գործը քննության է ընդունվում թե չէ, կորոշվի նաև, եթե հնարավոր բացարկներ լինեն, այդ դատավորների գործի քննությանը մասնակցության թույլատրելիության հարցը»:

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի փոխարեն Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների շահերը ներկայացնող Տիգրան Եգորյանը ԱԺ-ում իշխող «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը համարում է սխալ նախաձեռնությունը:

Փաստաբանն ասում է, որ այն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարությունների տրամաբանության մեջ չէ, և ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հարցը կտանի փակուղի․ - «Ի սկզբանե զարտուղային և սխալ նախաձեռնություն է, Հրայր Թովմասյանի վրա կենտրոնացած: Պրոցես է, երբ դու հստակ կասկածի տակ ես դնում և հայտարարում ես կոնկրետ մարմնի լեգիտիմության խնդրի հետ կապված կոշտ գնահատականներ, այնուհետև դիմում ես այդ մարմնին, այդտեղ գործող անդամներին՝ քննելու քո խնդրանքը դրանցից մեկին վերաբերող հարցով»:

Նրա կարծիքով, Ազգային ժողովը պետք է կենտրոնանա «Վահե Գրիգորյանի բացահայտած, ներկայացրած ախտորոշման, այնուհետև վարչապետի կողմից ներկայացված, և վերջում արդեն Ազգային ժողովի նախագահի կողմից ուրվագծված նախաձեռնությամբ կապակցությամբ»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծում է, որ ներկայացնելով նախագիծը՝ Ազգային ժողովը օգտվել է իր սահմանադրական իրավունքից:

Բադասյանն ընդգծեց, որ իր կարծիքով ևս Հրայր Թովմասյանի հետ կապված կան խնդիրներ, որոնք խորհրդարանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթով․ - «Ես հիմնավոր համարում եմ դիմումը: Մեր ռազմավարության մեջ է գրված, որ պետք է կյանքի կոչվի 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրական դատարանի մոդելը»:

Թեև խորհրդարանական մեծամասնությունն է նախաձեռնել այս գործընթացը, բայց վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է: Եթե որոշումը խորհրդարանն ընդունի, իսկ ընդունելու համար իշխող «Իմ քայլ»-ի ձայներն էլ բավարար են, վերջում Սահմանադրական դատարանն է լիազորությունների դադարեցման որոշումը կայացնելու:

Հրայր Թովմասյանը չի կարող իրեն վերաբերող դիմումի քննությանը մասնակցել: Դատավորի լիազորությունների դադարեցման որոշում ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն վեց քվե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG