Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան․ Վանեցյանը Կրեմլի վարձկաններից է


Պաշտոնանկ արված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Կրեմլի վարձկաններից և Հայաստանում գործող հինգերորդ շարասյան ներկայացուցիչներից է․ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Այս մեկ-մեկուկես տարվա ընթացքում բոլորս նախ ականատես եղանք, թե առաջին օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց երկրի ղեկին, հայտնի պետության կողմից, ես նկատի ունեմ Ռուսաստանը, սկսվեց մի գործընթաց, որի նպատակն է օր առաջ ձախողացել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Եվ այդ գործընթացը մինչև այսօր շարունակվում է», - հայտարարեց Սեֆիլյանը:

Նրա համոզմամբ, այդ նպատակին են միտված Ռուսաստանի գործողությունները «Վերին Լարսում», երբ այսօր խոչընդոտվում է հայաստանյան բեռնատարների շարժը․ - «Բոլորս ականատես եղանք, թե ինչպես բարձրացրեցին գազի գինը: Եվ ես ունեմ տեղեկություններ, որ առաջիկա ժամանակներում ևս բարձրացնելու են գազի գինը»:

Սակայն, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, բարեբախտաբար, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից դիմադրության ականատես եղանք, որը դրսևորվեց մի քանի ձևերով, և դրանցից մեկն էլ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ոստիկանապետ Վալերի Օիսպյանի պաշտոնանկությունն էր և խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը, ըստ որի ուժային այդ կառույցները կկարողանան գլխավորել քաղաքացիական անձինք:

Սեֆիլյանը շարունակեց․ - «Ինչ վերաբերում է նախորդների ռևանշին, այսպես ասեմ․ մինչև այն ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում չի ապրել, շատ ցածր չէ, ոչ մի բան չեն կարող անել: Ոչ մի Կրեմլ, ոչ մի Ռուսաստան ոչ մի բան չեն կարող անել՝ իրենց հինգերորդ շարասյուներով, իրենց վարձկաններով, իրենց գործակալներով»:

«Ազատության» ճշտող հարցին, թե արդյոք նկատի ունի, որ Արթուր Վանեցյանը նույնպես վարձկան է և հինգերորդ շարասյան ներկայացուցիչ, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ - «Այո, ճիշտ եք հասկացել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան հեռակա, հրապարակային բանավեճը նախորդ օրերին թեժացավ: Արձագանքելով Փաշինյանի լոսանջելեսյան հայտարարությանը, որով Վանեցյանի քայլը համեմատվում էր 1991 թվականի պուտչիստների գործողության հետ, ԱԱԾ նախկին տնօրենը «Հրապարակ» պարբերականին ասել էր՝ «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու»:

Իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավորները Արթուր Վանեցյանի այս խոսքերը բնորոշեցին որպես իշխանության հետ շանտաժի լեզվով խոսելու փորձ:

«Առավոտի» հետ զրուցում անդրադառնալով հարցին՝ մեկուկես տարի պաշտոնավարած ԱԱԾ նախկին տնօրենը ասել էր, թե այն անձը, որին իր ծառայության ընթացքում, կլինի զինվորական, թե ոչ զինվորական, հայտնի են դարձել պետական գաղտնիքներ, եթե այդ անձը երբևիցե որևէ պարագայում հրապարակի այդ գաղտնիքները, ուրեմն նրան պետք է հռչակեն ազգի դավաճան:

«Եթե համարձակվի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, միայն ես ուրախ կլինեմ, որովհետև դրանով միայն կարագացնեն, որ գործող իշխանությունները սկսեն շատ ավելի արագ քայլեր կատարել ճիշտ ուղղությամբ: Թող համարձակվեն այդ բացահայտումները անել: Բայց այստեղ խնդիրը Վանեցյանի մեջ չի, խնդիրը գործող իշխանության մեջ է: Նայեցեք, այսօր մենք ունեն պաշտպանության նախարարներ, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որոնք փախուստի մեջ են, մեկը՝ Ռուսաստաններում, մյուսը՝ Միացյալ Նահանգներում: Հետաքրքրական է, չէ՞: Վերջապես մենք պետությո՞ւն ենք, թե՞ չէ: Ի՞նչ է նշանակում՝ պաշտպանության նախարարները դրսում են, և չենք կարողանում բերման ենթարկել: Այս սա գործող իշխանության որդեգրած սխալ մարտավարությունից է: Օր առաջ պարոն Փաշինյանը պետք է ամբողջ ղեկը հավաքի ձեռքում: Եվ այդ ամենից հետո ոչ մի վանեցյաններ, ոչ մի ԱԱԾ-ներ ոչ մի բան չեն կարող անել»:

Արթուր Վանեցյանից այսօր չհաջողվեց արձագանք ստանալ:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG