Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համոզմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզաբանումներ տա՝ ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հանրությունը պետք է տեղեկանա, թե ինչ է կատարվում ուժային կառույցներում։
Նկատենք, որ վարչապետը Վալերի Օսպիյանի և Արթուր Վանեցյանի աշխատանքից անցած 1,5 տարվա ընթացքում հրապարակային դժգոհություններ չի հայտնել: Ավելին, Նիկոլ Փաշինյանի առաջարկով ընդամենը երկու ամիս առաջ և՛ Օսիպյանը, և՛ Վանեցյանը գեներալ-մայորի կոչում ստացան։
Պարզաբանումներ չտալը կլինի նախորդ իշխանության սովորույթի շարունակությունը. Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շեշտում է՝ ինչպես որ Փաշինյանը պարզաբանումներ էր տալիս իր նշանակումների հետ կապված, նույն կերպ էլ պետք է բացատրի` ինչո՞ւ երկու պաշտոնյաները հեռացվեցին աշխատանքից, որպեսզի հանրությունը հասկանա այդ որոշումների հիմնավորվածությունը։
«Պարզաբանումներ կամ հիմնավորումներ չտալը կլինի նախորդ իշխանության սովորույթի շարունակությունը։ Եթե հիշում եք, մենք գոնե բացատրություններ ստանում էինք, երբ որ մենք ահազանգում էինք, մեր անհամաձայնությունն էինք հայտնում այդ նշանակումների հետ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից, և մենք ակնկալում ենք նմանապես նույն ոճով պարզաբանումներ այդ նշանակումներից հրաժարվելու՝ և՛ ԱԱԾ-ի, և՛ Ոստիկանության պետի և մնացած ընդհանրապես բոլոր։ Դա երկրորդական, երրորդական նշանակումներ չեն, վերջին հաշվով էլի են լինելու հրաժարականներ, իշխանությունը պարտավոր է պարզաբանումներ տալ, իրազեկել հանրությանը, որպեսզի մենք կարողանանք գնահատենք այդ ազատումների հիմնավորվածությունը, մոտիվը, դրդապատճառը, և ըստ դրա նաև մենք կարողանանք մեր դիրքորոշումը և մեր մոտեցումները ձևակերպենք և պահանջները ներկայացնենք։ Այսինքն դա զուտ անձնական որակների հետ կապվա՞ծ հարցեր են, թե՞ դա համակարգային նշանակություն ունեցող հարցեր են», - նշեց Արթուր Սաքունցը՝ շարունակելով. «Մենք համակարգային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առաջարկները բազմաթիվ ենք ներկայացրել և դեռևս լուծումներ չենք գտել։ Այդ պարագայում մեզ համար հասկանալի չէ՝ էդ դեպքում ինչի՞ համար եք դժգոհ այդ մարդկանցից»։
Ես նույնիսկ ափսոսանք կհայտնեմ, եթե Վալերի Օսիպյանը հիմա հեռանա. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես շեշտում է՝ հանրությանը պետք է տեղեկացնել՝ ինչո՞ւ են Վանեցյանն ու Օսիպյանը հեռացել աշխատանքից։
«Այս ասեկոսեների ֆոնը ոչ մի լավ բանի մասին չի խոսում, նույնիսկ ԱԱԾ տնօրենի հրաժարականի գրառման մասին շատ բացասական արտահայտվեցին՝ ասելով, որ անթույլատրելի է, բայց երևի մարդը ինչ-որ մի բան ուզում էր ասել և դրա համար գրել է, այնպես որ՝ ես համարում եմ, որ թույլատրելի է, որովհետև մենք այլ բան չենք լսում, թե ինչու են նրան հանում», - ասաց Ալեքսանյանը։
Իրավապաշտպանը հիշեցնում է՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակեց Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում, ինքը քննադատեց այդ որոշումը: Բայց այժմ փոխել է իր վերաբերմունքը և կարծում է, որ նախկին ոստիկանապետը դրական փոփոխություններ էր կատարում։
«Իմ կարծիքը փոխվել է Օսիպյանի մասին շատ ավելի դրական, ես Ոստիկանության հանրային խորհրդի անդամ եմ, ես տեսնում եմ, որ Օսիպյանը ներսում փոփոխություններ է արել, և նա շատ ձգտում էր փոխել և այդ ուղղությամբ աշխատում էր», - նշեց Ալեքսանյանը։
«Ազատության» հարցին, թե, օրինակ, ի՞նչն էր ուզում փոխել Օսիպյանը, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց. «Հեղինակությունը Ոստիկանության, հանրության մոտ գիտեք ինչքան ցածր էր, և ինքը ուզում էր անպայման բարձրացնել հեղինակությունը Ոստիկանության։ Ես նույնիսկ ափսոսանք կհայտնեմ, եթե Վալերի Օսիպյանը հիմա հեռանա»։
Արթուր Սաքունցը, մինչդեռ, նշում է՝ ղեկավարների փոփոխությամբ խնդիրները չեն լուծվելու՝ և՛ ԱԱԾ-ում, և՛ Ոստիկանությունում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ։
«Քանի դեռ դա չկա, ես ձեզ վստահեցնում եմ՝ անընդհատ ղեկավարներին փոխելու անհրաժեշտությունն առաջ է գալու։ Այսինքն՝ պայմանավորված է ոչ այնքան ղեկավարի գործելակերպով խնդիրները, այլ ինստիտուցիոնալ շրջանակներով են, համակարգային են», - ընդգծեց Արթուր Սաքունցը։
«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Վալերի Օսիպյանի 1,5 տարվա գործունեությունը, նրա աշխատանքը դրակա՞ն է իր կարծիքով, թե՞ ունի որոշակի վերապահումներ, Արթուր Սաքունցն արձագանքեց. «Երբ որ LGBT քրիստոնյաների կոնֆերանսը, համաժողովը չիրականացվեց, ոստիկանությունը հայտարարեց, որ իրենք չեն կարող ապահովել անվտանգությունը, այսինքն դա խայտառակություն է, երբ ոստիկանությունը իր գործառությունը չի կատարում։ Երբ որ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ իրականացվեց այդ բռնությունները, դա, իհարկե, համաչափ չէր, Բաղրամյան պողոտայի մոտ, այսինքն դա նույնպես համաչափ չէր։ Մենք միշտ ենք արձանագրել, որ ոստիկանությունը չի փոփոխվել, այսինքն չի կրել փոփոխություն»։
Հիշեցնենք՝ 2018-ի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշել է Ոստիկանապետ նշանակել հեղափոխության օրերին ցույցերից բոլորին հայտնի Վալերի Օսիպյանին, նա պարզաբանեց, որ սիմվոլիկ որոշում է կայացրել, որի նպատակը «փշալարերի մշակույթը Հայաստանից վերացնելն է»։
«Դուք և Վալերի Օսիպյանը, մենք և Ոստիկանությունը գտնվում ենք փշալարերի տարբեր կողմերում ֆիզիկապես, և ես մտածեցի, որ այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա և պետք է բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք։ Դա թերևս լավ սիմվոլ է, որ մենք փշալարերի կուլտուրան փորձենք Հայաստանի Հանրապետությունից վերացնել։ Ես հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հույսերը», - նշել էր վարչապետը։
Պաշտոններում նշանակելուց հետո, Փաշինյանը շեշտել էր՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ու Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պետք է լրջագույն գործառույթներ իրականացնեն կոռուպցիայի դեմ պայքարում, դրանից է կախված լինելու նրանց աշխատանքի գնահատականը:
«Ժողովուրդը պետք է տեսնի տեսանելի արդյունքներ», - մոտ 1,5 տարի առաջ ասել էր վարչապետը։