Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հակադարձումները՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, նախ աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Փաշինյանն արձագանքեց հրաժարականի մասին Վանեցյանի հայտնի հայտարարությանը՝ ասելով, թե Վանեցյանը, խոսելով իր Գերագույն հրամանատարի դեմ, անարգեց սպայի պատիվը, ինչը նշանակում է «ուսադիրները գցել աղբամանը»: ԱԱԾ նախկին տնօրենի կոշտ արձագանքը չուշացավ․ «Հրապարակ»-ի հետ զրույցում նա հակադարձեց՝ «ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»: Վանեցյանը նաև հայտարարեց Փաշինյանի խնդրանքով այս պահին չխոսելու ինչ-ինչ պայմանավորվածության մասին, որը, սակայն, խախտվել է:
Ալեն Սիմոնյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Արթուր Վանեցյանի հետ, ասում է՝ վերջինս, այո, իր ընկերն է, բայց իր ամենամեծ ու ամենակարևոր ընկերը իր քաղաքական թիմն է:
«Բացասական եմ գնահատում և համարում եմ, որ մարդը, սպան, որը որ իր տեքստը ավարտում է «Պատիվ ունեմ» արտահայտությունով, պետք է գիտակցի, որ պետության ներսում, պետության ղեկավարի հետ ունենալով երկարատև լավ հարաբերություններ, շփում, աշխատելով, ինքը իրեն պետք է թույլ չտա նման ձևով և նման ոճով աշխատել կամ արձագանքել: Առավել ևս՝ այդպիսի պաշտոն զբաղեցրած անձնավորությունը պետք է դա շատ, շատ ավելի լավ գիտակցի, քան, օրինակ, մեկ այլ պաշտոնյա», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
«Ազատություն»․ - Այսինքն, թեկուզև նա Ձեր ընկերն է՝ Արթուր Վանեցյանը, բայց Դուք անընդունելի եք համարում նրա այս պահվածքը:
Ալեն Սիմոնյան․ - Ես իհարկե անընդունելի եմ համարում: Բացի իմ բազմաթիվ ընկերներից, որոնց ես ունեմ Հայաստանի Հանրապետությունում, ես ունեմ իմ ամենամեծ ու ամենակարևոր ընկերը՝ դա իմ քաղաքական թիմն է: Եվ նույնիսկ երբ որ իմ ընկերը սխալ է անում, ես ճիշտ եմ համարում իմ ընկերոջը դրա մասին ասել:
«Ազատություն»․ - Ասե՞լ եք արդեն այդ մասին:
Սիմոնյան․ - Ես չէ, տենց շփում, տենց, չեմ ունեցել, որպեսզի, նման հնարավորություն չեմ ունեցել, իրան իրա պաշտոնին նշանակելուց հետո մենք շփվել ենք շատ հազվադեպ, ամենալավ առիթները ֆուտբոլներն են եղել, որովհետև գործկոմի անդամ եմ հանդիսանում:
<...>
Ես Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ արդեն տասը տարի է և վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը երբ որ բան ա ունենում ասելու, ուղիղ ասում է: Էլ չեմ ասում, որ չեմ կարծում, որ որևիցե բան կա էս պարագայում:
«Ազատություն»․ - Իսկ դավադրությունների այդ տեսությանը Դուք հավատո՞ւմ եք, որ Վանեցյանը կարող է ինչ-որ դավադրություններում ներգրավված լինել: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հեղաշրջման փորձի մասին էր խոսում:
Սիմոնյան․ - Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջման, կամ դավադրություն կազմակերպվող այսօր՝ դա խելագարության կանխավարկածից բխող մի բան է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կա ժողովրդավարության ամենաբարձր աստիճանը, որը որ երբևիցե էղել է: Դա աբսուրդ է, դա, գիտե՞ք ինչ, նույն հաջողությամբ կարելի ա քարով տանկին խփել՝ էդ նույն տրամաբանության մեջ ա, աբսուրդ ա դա:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետի և ԱԱԾ նախկին տնօրենի սուր բանավեճին, հորդորում է դադարեցնել նմանօրինակ հայտարարությունները, քանի որ դրանք անմիջական ազդեցություն են թողնում երկրի վրա:
«Այն, որ նման վարքագիծը անընդունելի է պետական պաշտոնատար անձանց կողմից, դա միանշանակ է: Այո, երկուստեք, որովհետև հատկապես Ազգային անվտանգության ծառայության պետը, որը տիրապետում է գերգաղտնի տեղեկատվություն, նա մտնի քաղաքականություն և քաղաքական, էսպես, կրակոցներ մեկը մյուսին կատարեն, արդյունքում որևէ մեկը չի շահելու, բայց տուժելու է թե՛ հասարակություն, թե՛ ազգ և թե՛ պետականություն», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: