Մատչելիության հղումներ

5-րդ շարասյունն աղոթում է, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս շուտ գործարկի Ամուլսարի հանքը. Սեֆիլյան


5-րդ շարասյունն աղոթում է, սպասում է, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս շուտ գործարկի Ամուլսարի հանքը, այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում, ներկայացնելով երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման որոշ մանրամասներ, հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։

«Հետևյալի մեջ է վտանգը՝ 5-րդ շարասյունը աղոթում է, սպասում է, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս շուտ գործարկի Ամուլսարի հանքերը, և շատ լավ հաշվել է 5-րդ շարասյունը, որ գոյություն ունի ժողովրդային դիմադրություն, պարզ է, որ ժողովուրդը թույլ չի տա, պարզ է, որ այստեղ ոստիկանական ուժերի և ժողովրդի միջև բախում է տեղի ունենալու։ Ժողովուրդը, ըստ էության, անտեր չի, քաղաքական ուժեր նաև կան, որոնք առանց պոպուլիզմի աջակցում են այդ խնդրին։ Օրինակ՝ մենք այդ հարցում ընդգծված կանաչ ենք, թույլ չենք տալու այսուհետ որևէ մետաղական հանքի նոր բացվելը, իսկ հները, որ օգտագործվում են, դրանց մասին հետո կխոսեմ՝ ինչպես ենք կարգավորելու», - ասաց Սեֆիլյանը՝ շարունակելով, - «5-րդ շարասյունը այս ամբողջը հաշվելով կանխատեսում են այդ բախումը, և երբ Նիկոլը ինչքան էլ ինքը փորձի ներքին զորքերին հրահանգավորի, որ ժողովրդի հետ պետք է իրավաչափ մոտեցում ցուցաբերել, այնտեղ գործակալները վխտում են գեներալների, գնդապետների մակարդակով, դրանք պրովոկացիաներ կստեղծեն և այդ բախումը կլինի, այնտեղ մի քանի կադր կստանանք, աշխարհով մեկ, մի քանի կին, երեխա սապոգի տակ հայտնված և այդ մի քանի կադրը բավարար կլինի, որ Նիկոլի վարկանիշը հավասարվի համարյա զրոյի, որին ռուսական կողմը մեկ տարուց ավելի սպասում է, մեկ տարուց ավելի այդ ուղղությամբ աշխատանք է տանում։ Եթե վարկանիշը չիջնի նրանք ոչ մի բան չեն կարող անել Նիկոլին։ Այս հարցում մենք հորդորել ենք երեկ պարոն Փաշինյանին, որ պետք չէ սխալվել, հանկարծ եթե նա սխալվի Ամուլսարի հարցում, դա կլինի իր քաղաքական մահկանացուն, սա մենք հրապարակայնորեն ասել ենք, երեկ նաև առերես ենք ասել»։

«Ազատության» հարցին, թե Փաշինյանն իրենց այդ հորդորն ընդունե՞ց, Սեֆիլյանը պատասխանեց. «Չեմ ուզում ամբողջ մեր խոսակցության բովանդակությունը բացել, պարզապես պետք է իմանա, որ վտանգը այս ամենի մեջ է։ Ե՛վ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, և՛ ժողովուրդը, Նիկոլի համակիրները պետք է հասկանան, որ մինչև այն ժամանակ, որ Նիկոլի վարկանիշը անկում չի ապրել սրընթաց, ոչ մի բան չեն կարող անել, Նիկոլի մազից մի մազ չեն կարող պակասեցնել, ոչ մի հոկտեմբերի 27 չեն կարող անել, այս իմաստով լարված օրեր ենք ապրում»։

Սեֆիլյանն ընդգծեց, հույսով են, որ «ազգային ուժերը այս վտանգի դեմը կառնեն»։

Դիտարկմանը, որ եթե չնայած իրենց զգուշացումներին կառավարությունն, այնուամենայնիվ, որոշի շահագործել հանքը, իրենք դրա դեմ կընդվզե՞ն, Սեֆիլյանն արձագանքեց. «Անշուշտ և այնպիսի ձևով կընդվզենք, որ փորձենք այդ ընթացքում այնպես անել, որ պարոն Փաշինյանը սխալ հրահանգավորումներ չտա»։

Իսկ թե կե՞ղծ են այն տեղեկությունները, որ գործարքի են գնացել և չեն ընդվզելու, եթե նման որոշում լինի, Սեֆիլյանն ասաց՝ անշուշտ. «Ծախված մարդկանց պետք չէ հավատալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG