Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշման վերաբերյալ Քոչարյանի պաշտպանական թիմի որոշ մեկնաբանություններ անհիմն են և չեն բխում այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից։ Այս մասին դատավորը եզրահանգել է սեպտեմբերի 17-ի որոշման մեջ, որով էլ մերժեց Քոչարյանին ազատել կալանքից։ Աննա Դանիբեկյանի այս որոշումն արդեն հասանելի է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։
Երկրորդ նախագահի փաստաբանները դատավարությունը սկսվելու հենց առաջին օրը միջնորդեցին ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով բարձր դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման վրա, որով հակասահմանադրական էր ճանաչվել Քրեական դատավարության մասին 35-րդ հոդվածը: Այն սահմանում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքները։
Փաստաբան Արամ Օրբեյանն օրերս պարզաբանել էր՝ դատավոր Աննա Դանիբեկյանը Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերելի չի համարել Ռոբերտ Քոչարյանի գործին։ Մյուս փաստաբան Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում այսօր կրկին պնդեց՝ ստացվում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը չի կատարում բարձր դատարանի որոշումը։
«Այսօր Աննա Դանիբեկյանի վարույթում քննվում է գործ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ այն պարագայում, երբ վերջինս Սահմանադրական դատարանի որոշում չի կատարել, որը իրենից ևս ենթադրում է սպառնալիք սահմանադրական կարգի հիմունքներին։ Սա իրավունքի տրամաբանությունից դուրս իրավիճակ է, սա բնութագրել իրավական առումով ես չեմ կարողանում, քանի որ չեմ կարողանում գտնել հիմնավորումներ այստեղ», - ասաց Վարդևանյանը։
Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի պաշտպանական թիմը պնդում էր՝ քանի որ Քրեական դատավարության մասին օրենսգրքում չկա որևէ հիշատակում անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնաթող նախագահին քրեական հետապնդման ենթարկելու, կալանավորելու մասին, ապա այս հետապնդումն ապօրինի է։ Բարձր դատարանի որոշումն էլ, ըստ նրանց, հենց այդ մասին էր։
Դատավոր Աննա Դանիբեկյանն իր որոշման մեջ անդրադառնում է բարձր դատարանի եզրահանգումներին և պնդում, որ Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է քրեական վարույթն իրականացնող մարմնի իրավասությունը և պարտականությունը՝ անձեռնմխելիության հարցի լուծման համար։
Մասնավորապես, գրում է՝ բարձր դատարանը նշել է, որ «գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից»։
Դատավորն իր որոշման մեջ հիշատակել է դատարանների դեռևս 2018 թվականի որոշումները։ Օրինակ, երբ օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կալանքից ազատ արձակեց Քոչարյանին, այս որոշումը բողոքարկվեց վճռաբեկ դատարան։ Դատավոր Ազարյանը ազատման հիմքում դրել էր նախագահի անձեռնմխելիությունը։ Վճռաբեկ դատարանը, սակայն, գործը բեկանեց և հետ ուղարկեց վերաքննիչ՝ նոր քննության։
Վճռաբեկը անդրադարձել էր անձեռնմխելիության հարցին և եզրահանգել, որ պարզելու համար` արդյո՞ք կատարված գործողությունները բխել են նախագահի կարգավիճակից, թե ոչ, պետք չէ առաջնորդվել ձևական մոտեցմամբ և հիմք ընդունել միայն այն, որ արարքը կատարելու ժամանակ անձը հանդես է եկել որպես նախագահ: Ըստ վճռաբեկի, պետք է բացահայտել այդ հանգամանքը և եթե նախագահը լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն անցնելով, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ։
Դատավոր Աննա Դանիբեկյանը գրում է, որ վճռաբեկ դատարանը վերաքննիչի որոշումը բեկանելու հիմքում չի դրել Քոչարյանի պաշտպանական թիմի մատնանշած 35-րդ հոդվածի բացի հարցը և դա ազդեցություն չի ունեցել իր որոշման վրա։
«Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշումն իրենից ենթադրում է նախապատվություն վճռաբեկ դատարանի որոշմանը ի հակադրումն Սահմանադրական դատարանի որոշմանը։ Սա աննախադեպ երևույթ է», - ասաց Քոչարյանի պաշտպանը։
Աննա Դանիբեկյանը վկայակոչում է նաև վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշում։ Նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի հարցը քննելիս վճռաբեկը եզրահանգել է, որ անձեռնմխելիության առկայության դեպքում քրեական գործը պետք է կարճել։
Փաստաբան Արամ Վարդևանյանը տարակուսում է. «Եթե Անահիտ Սաղաթելյանի որոշումը կիրառելի լիներ, Ալեքսանդր Ազարյանի որոշումից հետո արդեն գործը պետք է կարճվեր, բայց Ազարյան Ալիկի որոշումից հետո գործը չէր կարճվել, որովհետև Վճռաբեկը գտել էր, որ Անահիտ Սաղաթելյանի որոշումը կիրառելի չէ։ Թե ինչո՞վ է պայմանավորված Դանիբեկյանի հապճեպությունը կամ հախուռնությունը որոշման, որ երկու նախադեպերն էլ դրվում են, որոնք ըստ նույն նախադեպի հեղինակի հակասում են միմյանց, ինձ համար անհասկանալի է»։
Որոշման եզրափակիչ մասում դատավոր Աննա Դանիբեկյանը հիմք ընդունելով վճռաբեկ դատարան՝ Քոչարյանին վերաբերող գնահատականները, արձանագրել է, որ ըստ մեղադրական եզրակացության, նախկին նախագահին մեղսագրվող ենթադրյալ գործողությունները դուրս են Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակից, այսինքն՝ չեն բխում Հանրապետության նախագահի կարգավիճակից: Ըստ այդ, Աննա Դանիբեկյանը գրում է՝ պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հետևանքները չէին կարող կիրառվել նաև այն դեպքում, եթե քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա չլիներ Սահմանադրական դատարանի կողմից արձանագրված օրենսդրական բացը:
Մարտի 1-ի տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ որոշմանը դեռ չի ծանոթացել։ Թե՛ Սաֆարյանը, թե՛ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, նաև գլխավոր դատախազությունը պնդում են՝ բարձր դատարանի որոշումը չի նշանակում, որ Քոչարյանը չպետք է ենթարկվի քրեական հետապնդման կամ էլ կալանքից ազատ արձակվի: