Մատչելիության հղումներ

Պենտագոնը Թրամփին կներկայացնի Իրանում գտնվող հնարավոր թիրախների ցանկը


ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը, Արլինգթոն, Վիրջինիա նահանգ, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը, Արլինգթոն, Վիրջինիա նահանգ, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ներկայացուցիչները այսօր նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնեն Իրանի դեմ հնարավոր օդային հարվածների թիրախները: Այդ մասին ամերիկյան վարչակազմի անանուն աղբյուրը Associated Press գործակալությանը հայտնել է այսօր` հավելելով, սակայն, որ Պենտագոնի ներկայացուցիչները պատրաստվում են նաև զգուշացնել Թրամփին, որ Իրանի դեմ իրականացվող օդային հարձակումը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի:

Իրանի դեմ ռազմական հնարավոր ակցիաների մասին խոսակցություններն ակտիվացան այս շաբաթասկզբին՝ Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթամշակման ձեռնարկությունների դեմ իրականացված հարձակումներից հետո: Դրանց արդյունքում աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի` սաուդյան ARAMCO-ի կողմից արդյունահանվող նավթի ծավալները նվազեցին գրեթե 50 տոկոսով:

Հարձակումներից մի քանի օր անց Սաուդյան Արաբիայի իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ` պնդելով, թե հստակ ապացույցներ ունեն, որոնք վկայում են հարձակումներում Իրանի ներգրավվածության մասին:

Որ սեպտեմբերի 14-ի հարձակումների թիկունքում Իրանն է՝ չի կասկածում նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Կարծում եմ, որ ավելի քան ակնհայտ է, և տարածաշրջանում այս առիթվ հստակ փոխհամաձայնություն կա, որ այս հարձակումների թիկունքում Իրանն է», - հայտարարում էր Պետդեպարտամենտի ղեկավարը Արաբական Միացյալ Էմիրությունների ամենաազդեցիկ գործչի` Աբու-Դաբիի թագաժառանգ Մոհամեդ Բին Զայեդի հետ հանդիպման ավարտին:

Փոմփեոն Էմիրություններ էր ժամանել Էր-Ռիյադից, որտեղ ստեղծված կացությունը մի քանի ժամ շարունակ քննարկում էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հետ:

Բանակցությունների ավարտին Մայք Փոմփեոն կրկին հայտարարեց, որ Վաշինգտոնը շարունակելու է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառել:

«Կլինեն, կլինեն նոր պատժամիջոցներ: Մենք այնպիսի ծրագիր ենք մշակել, որը պետք է զրկի Իրանին ահաբեկչական արշավներ իրականացնելու հնարավորությունից ու ֆինանսական միջոցներից: Նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները, սակայն, վկայում են, որ այս հարցում դեռ շատ անելիք կա», - հայտարարում էր պետքարտուղար Փոմփեոն` նշելով, սակայն, որ Վաշինգտոնը ցանկանում է այս ճգնաժամը հանգուցալուծել «խաղաղ ճանապարհով»:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, այդուհանդերձ, խիստ կասկածում է, որ Վաշինգտոնում հակված են իրանական խնդրի խաղաղ լուծմանը:

Twitter-ում արված գրառման մեջ իրանական դիվանագիտության ղեկավարը թվարկել է 1985 թվականից ի վեր իսլամական հանրապետության կողմից առաջ քաշված նախաձեռնությունները, որոնք, ըստ Զարիֆի, միտված էին տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:

Մեկ այլ գրառմամբ էլ Զարիֆն արձանագրում է․ - «Արաբական նավթն ընդդեմ արաբական արյան»: Թվարկելով Եմենում ընթացող պատերազմի հետևանքները՝ Իրանի ԱԳ նախարարը գրում է․ - «Եմենի տարածքի ռմբակոծությունների հետևանքով 100 հազար մարդ է զոհվել, 20 միլիոնը թերսնվում է, խոլերայի 2 միլիոն 300 հազար արձանագրված դեպք և «քարտ բլանշ»` գործողությունների լիակատար ազատություն այդ ամենի մեղավորների համար: Բայց երբ Եմենը պատասխանում է` հարվածելով [Սաուդյան Արաբիայի] նավթային ձեռնարկություններին, դա անվանում են «պատերազմի հրահրում»:

XS
SM
MD
LG