ԱՄՆ պետքարտուղարը «պատերազմական գործողություն» է որակել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումը:
«Վաշինգտոնը սատարում է Էր-Ռիյադի՝ սեփական պաշտպանության իրավունքը», - հայտարարել է Մայք Փոմփեոն թագավորության գահաժառանգ Մուհամադ բին Սալմանի հետ հանդիպումից հետո:
Սաուդյան Արաբիան, իր հերթին, հայտարարել է, թե անհերքելի փաստեր ունի, որոնք ապացուցում են՝ հարձակումը «անկասկած» ֆինանսավորվել է Իրանի կողմից: Երեկ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հրթիռների և անօդաչու սարքերի բեկորներ, որոնք, ըստ Էր-Ռիյադի, ստեղծվել են Իրանում:
Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները: Նախօրեին իսլամական հանրապետությունը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ անհապաղ պատասխան գործողություններ կձեռնարկի, եթե հայտնվի ռազմական հարձակման թիրախում:
Անցած շաբաթավերջին հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով Սաուդյան Արաբիայի խոշորագույն օբյեկտների վրա իրականացված հարձակումը կիսով չափ կրճատել է թագավորությունում նավթի արդյունահանման ծավալները՝ բերելով վառելիքի գնի բարձրացման միջազգային շուկաներում: