Ըստ ականատեսների, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փողոցում հարձակվել են մի քաղաքացու վրա, բռունցքներով և ոտքերով հարվածել նրան ու տապալել գետնին։
Ծեծի ենթարկվածը 52-ամյա Վարդան Խուդավերդյանն է, նա տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը հաղորդում է, որ Խուդավերդյանին մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով տեղում ծառայություն իրականացրած ոստիկաններն անմիջապես Շենգավիթի բաժին բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ Նրանք հրաժարվել են բացատրություններ տալուց։ Օրենքով սահմանված ժամկետի լրանալուն պես նրանք բաց են թողնվել։
Միջադեպի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քրեադատավարական գործողություններ, որոնց արդյունքում էլ Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։
Քրեական գործը ոստիկանությունից արդեն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա քննության։
Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ քննություն է տարվում՝ պարզելու քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները։
Երեկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը Երևանի ընդհանուր ատյանի դատարանում ուղեկցվում էր երկրորդ նախագահին աջակցողների և նրան ընդդեմ քաղաքացիների երկուստեք բուռն ակցիաներով:
Դատավարությունից հետո բերման ենթարկվեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, երեք անգամ նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանը, ով հաստատել էր, որ ինքը բռնուցքով հարվածել էր Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիա իրականացնող կանանցից մեկին։ Ասաց, որ կինն իրեն, ընտանիքի անդամներին անիծել ու վիրավորել է։
Սվետլանա Միքայելյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում այսօր հերքեց, թե Հարությունյանի ընտանիքի անդամներին է վիրավորել։ Ասաց դատավարության ընթացքում իրենց հասցեին վիրավորանքներ են հնչել, իսկ արդեն դատավարությունից հետո՝ դիմելով Հարությունյանին, խիստ հանդիմանել է, որ մեղադրյալ Քոչարյանին է պաշտպանում։
«Ես շուռ եկա, որ գնամ, ինքն էլ շուռ եկավ դեպի իրա ժողովրդին գնալուց։ Մեկ էլ թե ոնց ինքը շուռ եկավ, միանգամից բռունցքով խփեց երեսիս։ Ես ոչ մի երեխա, ոչ մի ուրիշ բան չեմ ասել ես չեմ ասել», - ասաց 78-ամյա ակտիվիստը:
Սվետլանա Միքայելյանը, որը 2008-ին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի անդամ է, երեկ ոստիկանությունում պատմել է կատարվածը, այսօր ներկայացել է դատաբժշկական փորձաքննության։ Պնդում է, որ Հարությունյանը պետք է պատասխանատվություն կրի։