Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունն ուղեկցվեց երկուստեք բուռն ակցիաներով


Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը Երևանի ընդհանուր ատյանի դատարանում այսօր ուղեկցվում էր երկրորդ նախագահին պատժել և ազատել պահանջողների երկուստեք բուռն ակցիաներով:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Նիստի ավարտին միջադեպ տեղի ունեցավ․ ոստիկանները բերման ենթարկեցին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Հարությունյանն ասաց, որ իրեն անիծել է ՀԱԿ աջակիցներից մի կին, և ինքը նրան հարվածել է․ - «Ասել ա՝ բալեդ թաղեմ, ես էլ հարվածել եմ: Ու էլի կհարվածեմ»:

Ոստիկանություն բերման ենթարկվեց նաև Քոչարյանի աջակիցներից մեկը, որը վիճաբանություն էր սկսել մյուս կողմի քաղաքացիների հետ:

Դատավարության մեկնարկին դատարանի բակում հավաքվել էին Քոչարյանի աջակիցները և նրա ազատազրկումը պահանջողները:

Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե որևէ մեկը կասկած չունի, որ իր հայրը ենթարկվում է քաղաքական հետապնդման:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց․ - «Ես չգիտեմ այդ տարիների Լևոն Քոչարյանի քանի տարեկան է եղել, բայց արդյո՞ք հիշում է, թե ինչ ֆաշիզմ էր թևածում Երևանի փողոցներում»:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը մինչև բերման ենթարկվելը, դիմելով, երկու կողմերի ցուցարարներին, ասում էր․ - «Ձեր երեխաները, թեկուզ տարբեր կողմերում եք կանգնած, իրար հետ Արցախում են, սահման են պահում, դուք էլ պահեք արդարադատությունը»:

Ի պատասխան ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ասաց․ - «Իրենք ո՞նց են պատկերացնում արդարությունը․ երկրի ղեկավարը տասը տարի թալանի պետությունը, հետո այդ թալանը պահելու համար կրակի ժողովրդի վրա՞: Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ չկար, նա հանգիստ վայելում էր իր թալանածը: Այն պահին, երբ որ նա հասկացավ, որ հանգիստ թալանելու ժամանակը վերջացել է, և ինքը պետք է պատասխան տա արդարադատությանը, նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ»:

ՀԱԿ-ի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց․ - «Մեղավորներին հայտնաբերելը, պատժելը հասարակական պահանջ է: Դա այսօր չի առաջացել, տասնմեկ տարի անընդհատ Հայաստանի թիվ մեկ օրակարգային հարցրերից ամենակարևորը գուցե եղել է Մարտի 1-ի հանցագործության բացահայտումը, կազմակերպիչներին, կատարողներին, աջակցողներին դատարանի առջև կանգնեցնելը, նրանց համարժեք պատիժ տալը»:

Քոչարյանի աջակիցների շարքում էին այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Իզաբելլա Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքը և իր ընտանիքը 2008-ի մարտի 1-ին հրապարակում են եղել․ - «Ականատես են եղել բոլորս: Էստեղ կանգնած շատ մարդիկ կան, որ քաղբանտարկյալներ են եղել, երկու տարի բանտում են անցկացրել: Այ դա քաղաքական հետապնդում էր»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG