Մատչելիության հղումներ

Դատարանը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հաջորդ երեքշաբթի


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, 12-ը սեպտեմբերի, 2019թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, 12-ը սեպտեմբերի, 2019թ.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, այսօր վերսկսելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի քննությունը, անցավ խորհրդակցական սենյակ որոշելու՝ կալանքից ազատե՞լ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե՞ ոչ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին։

Դատական նիստին ներկայացել էին բոլոր 4 մեղադրյալներն էլ՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթակաները՝ 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ, 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և 2008-ին Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը։ Դատարանում էին նաև Մարտի 1-ի 9 զոհերի հարազատները, տուժողները և նրանց փաստաբանները։ Այս գործով կա 102 տուժող, մոտ 900 վկա։

Քոչարյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ այս ընթացքում իր իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամներ, և որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել՝ ընդգծելով. «Ոնց որ մեքենա քշես ճանապարհով, 10 փոս կա, էդ 10 փոսի մեջ էլ մտնես»։

«Մեկ-մեկ մտածում ես՝ եթե քո նկատմամբ կարող են, նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլատրել, դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես, թեկուզ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չունեն», - ասաց Քոչարյանը։

Նախկին նախագահն իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ սա Հայաստանի պատմության «ամենախայտառակ քրեական գործն է»։

«Դասագրքերում է նշվելու այս գործի մասին, և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին։ Ես չեմ կասկածում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները, և տվյալ դեպքում Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս գործի այս պատմության։ Թե ինչպիսինն է լինելու այդ էջը, իհարկե, կախված է Ձեզանից», - նշեց Հայաստանի երկրորդ նախագահը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։

Նախկին նախագահի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։

«Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35 և 135 հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննարկելու մասին, եկել է եզրահանգման, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածը այնքանով, որքանով չի նախատեսում Սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ ունեցող և գործառութային անձեռնմխելիությամբ օժտվող անձանց, ներառյալ՝ պաշտոնաթող նախագահի, անձեռնմխելիության հարցի քննարկման կառուցակարգ, ընթացակարգ, չափանիշներ, որևէ դրույթներ, ինչպես նաև ուղղակիորեն, նաև այդ պարագրաֆը չի նախատեսված 35 հոդվածում, ապա այդ 35 հոդվածը օրենսդրական մասի առումով հակասում է Սահմանադրությանը», - ասաց Ալումյանը։

Մինչ Քոչարյանի պաշտպանները դատարանում շարունակ պնդում էին, որ Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ նախկին նախագահն ապօրինի է պահվում կալանքի տակ և որ պետք է նաև անհապաղ դադարեցվի նրա քրեական հետապնդումը, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը տրամագծորեն հակառակը պնդեց։

«Այստեղ պետք է նկատի ունենանք, որ հետևանքները, որոնք, ըստ Սահմանադրական դատարանի, կարող են տեսականորեն առաջանալ, դրանք կարող են առաջանալ այն դեպքում, վտանգները կապվում են այն իրավիճակի հետ, երբ սովորական դատավարական ընթացակարգի պայմաններում կարձանագրվի, որ պաշտոնաթող նախագահը մեղադրվում է այնպիսի գործողությունների մեջ, այնպիսի արարքի մեջ, որի հետ կապված նա օժտված է գործառութային անձեռնմխելիությամբ, այսինքն, որը կապված է նրա կարգավիճակի, նրա գործունեության հետ։ Սույն դեպքում բոլոր իրավիճակներում, ի վերջո՝ նաև Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված չափանիշների համատեքստում քննարկելով, դատարաններն արձանագրել են, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործողությունները չեն բխում նրա կարգավիճակից», - նշեց Գևորգ Բաղդասարյանը։

Դատարանում ելույթներ ունեցան նաև Մարտի 1-ի զոհերի հարազատները։ 2008-ի քաղաքական իրադարձությունների ժամանակ «Չերյոմուխա»-ից զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը դատարանում դիմելով երկրորդ նախագահին՝ հորդորեց տղամարդու պես ընդունել մեղքն ու կրել պատիժը։

«Դուք ասել եք՝ «ես տղամարդ եմ», տղամարդկություն ունեցի էդ քո խստագույն պատիժը կրի», - ասաց Սարգիս Քլոյանը։

Ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանն էլ հուզմունքով հայտարարեց՝ 11 տարի է չի կարողանում պարզել, թե ով սպանեց որդուն։ Ասաց՝ որդուն սպանեցին, որպեսզի Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցվի մայրաքաղաքում։

«40 օր Միքայելյան ինստիտուտում վիզը կոտրած պառկած էր՝ ապարատներով միացրած։ 40 օրում ոչ մեկը, նախագահի, դատախազի, դատավորի կողմնակիցները, գոնե կողքին կանգնած մարդիկ, մեկը չկարողացա՞վ գալ, Միքայելյան ինստիտուտը հեռու չէր, դուռը բացեր՝ տեսներ էս զինվորը մեռել ա՞, թե՞ սաղ ա։ Ճիշտ ա ասում պարոն Քլոյանը, պարոն Նիկոյանը Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահն էր, տանում էր, բերում էր, 10 անգամ գնացինք Վահագն Հարությունյանի մոտ, ամեն նիստերին գնում էինք, մասնակցում էինք, գոնե երկու հոգու ձևի համար դատեին, որպեսզի մենք էլ հանգստանայինք։ 11 տարի է ես չեմ կարողանում պարզել՝ ո՞վ սպանեց իմ որդուն», - ընդգծեց Աբգարյանը։

Նախկին նախագահը հակադարձելով Տիգրան Աբգարյանի մորը՝ հայտարարեց՝ նա չի տիրապետում գործի նյութերին։

«Տիկին Աբգարյանը՝ Տիգրան Աբգարյանի մայրը ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին, որովհետև ինքը ասեց այնպիսի բաներ, որոնք գործի հետ առնչություն չունեն, և իր մոտ նստած հարգարժան Սեդա Սաֆարյանը փաստաբան ևս, կարծում եմ, գիտակցաբար չի բացատրել, որ դա այդպես չի։ Առաջին հերթին, որ ես հայտարարել եմ, որ կա զոհ, մեկը զոհվել է, դա եղել է ոչ թե իմ հայտարարությունը, այլ ՀՔԾ-ի պետի հայտարարությունը, ես այդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ նման բան չեմ ասել։ Ձայնագրությունները գործում կան, կցված են, ես ասել եմ, որ կան վիրավորներ, ծանր վիրավորներ, բեկորային և այլն։ Այդպիսի բան ուղղակի չեմ ասել։ Իր մամուլի ասուլիսի ժամանակ իր վերսիան հրապարակել է ՀՔԾ-ի պետը՝ այս մարդկանց մոլորության մեջ գցելու համար։ Ասվում էր, որ ցուցարարներ չկային Լեո փողոցում, կան բազմաթիվ ցուցմունքներ հենց Լեոյի փողոցի մասին, և այդ ցուցմունքներում մարդիկ ասում էին, որ հենց կրակել են ցուցարարների կողմից։ Տարօրինակը գիտե՞ք ինչն է՝ որ հանրահավաքը, այսպես ասենք, եղել է քաղաքապետարանի դիմաց, իսկ այդ բախումները եղել են Լեո փողոցում, և որևէ քայլ չի արվել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է այդ մարդկանց տարել, հասցրել Լեո փողոց՝ 500 մետր ավելի հեռու, քան այն վայրը, որտեղ այդ ցուցարարները հավաքված էին: Որևէ մեկին չեն հարցրել», - ասաց Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG