Մատչելիության հղումներ

Էրդողան․ Անընդունելի է, որ Թուրքիան չի կարող միջուկային զենք ունենալ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Չորեքշաբթի օրը իր կուսակցության կողմնակիցների հավաքին Սիվաս քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե անընդունելի է, որ Թուրքիան և մյուս զարգացող երկրները զրկված են միջուկային հրթիռներ ունենալու իրավունքից:

«Որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարևանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, և որևէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող», - հայտարարում էր Էրդողանը:

Իր ելույթում Էրդողանը չի հստակեցրել՝ արդյոք Անկարան մտադի՞ր է միջուկային զենքի տեխնոլոգիաների վրա աշխատել, թե՞ ոչ։

1980 թվականին Թուրքիան ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, իսկ 1996-ին՝ Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման մասին բազմակողմանի համաձայնագիրը։

Իսրայելը, հիշեցնենք, պաշտոնապես ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ ունի միջուկային զենք։

Միջուկային զենք ունեցող երկրների պաշտոնական «ակումբում» հինգ անդամ է՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը․ սրանք այն երկրներն են, որ միջուկային զենք են ստեղծել մինչև 1956 թվականը։ Եվս մի քանի պետություն, տարբեր տվյալների համաձայն, նույնպես ունեն միջուկային զենք՝ խոսքը Պակիստանի, Հնդկաստանի և Հյուսիսային Կորեայի մասին է։ Եվ Իսրայելը, որը ոչ հերքում , ոչ էլ հաստատում է այդ փաստը։

Էրդողանի սկանդալային հայտարարությունը հնչել է թուրք - ամերիկյան տարաձայնությունների ֆոնին։ Թուրքիան ձեռք է բերել ռուսական S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգեր, ինչին ի պատասխան՝ Վաշինգտոնը հրաժարվել է Անկարային տրամադրել F-35 կործանիչները:

Էրդողանը պարբերաբար հայտարարում է, որ Թուրքիային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով։

Իր երեկվա ելույթում Թուրքիայի նախագահն ասել է նաև, թե ընթացքի մեջ է ռուսական S-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը, և այդ համակարգերը կնպաստեն Թուրքիայի անվտանգության ուժեղացմանը։

Անկարան, հիշեցնենք, ռուսական համալիրները գնելու համար վարկ էր ստացել հենց Մոսկվայից: Ավելին՝ այդ համակարգերը սպասարկելու են թուրք մասնագետները, և ռուսական կողմը պարտավորվել է աջակցել Թուրքիային հրթիռային այդ համակարգերի սեփական արտադրության գործում:

XS
SM
MD
LG