Մատչելիության հղումներ

S-400-ների գործարքի իրականացման ֆոնին ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները է՛լ ավելի են սրվում


Ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համալիրներ, արխիվ
Ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համալիրներ, արխիվ

Ռուսական արտադրության S-400 (C-400) զենիթահրթիռային համալիրների գործարքի իրականացման մեկնարկի ֆոնին թուրք-ամերիկյան հարաբերությունները հետզհետե է՛լ ավելի են սրվում: Ի պատասխան Վաշինգտոնից հնչող սպառնալիքների՝ Անկարան կոչ է անում խուսափել քայլերից, որոնք կարող են խաթարել թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, թե ամերիկյան Պետքարտուղարության նախազգուշացումները հակասում են Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահների՝ անցած ամիս ունեցած բանակցությունների բովանդակությանն ու ոգուն:

Շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողության գործարքի շրջանակում, հիշեցնենք, Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային կվաճառի S-400 զենիթահրթիռային համալիրներ, որոնց շնորհիվ Անկարան ցանկանում է ստեղծել հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում՝ հայտարարելով, թե դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցնում ռազմական միությանը: Բացի այդ, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ռուս-թուրքական գործարքը կարող է Մոսկվային հասանելի դարձնել որոշ ռազմավարական բնույթի գաղտնի տվյալներ:

Թեև պաշտոնական Անկարան պնդում է, թե Ռեջեփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը համաձայնության են հասել ռուս-թուրքական թանկարժեք ռազմական գործարքի շուրջ, այդուհանդերձ, Պետքարտուղարությունը շարունակում է նախազգուշացնել՝ եթե Թուրքիան ձեռք բերի ռուսական այդ համակարգերը, դրան կհետևի Միացյալ Նահանգների բացասական արձագանքը, այդ թվում նաև՝ Անկարան դուրս կմնա F-35 կործանիչների ծրագրից: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Արտագուսը։

«Կոչ ենք անում ամերիկյան կողմին խուսափել սխալ քայլերից, որոնք կարող ենք վնասել հարաբերությունները», - իր հերթին, հայտարարել է թուրքական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Համի Աքսոյը՝ հավելելով, որ Անկարան մինչ օրս Վաշինգտոնից պատասխան չի ստացել S-400-ի ձեռքբերման հետևանքներն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:

Էրդողանը Օսակայում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Վաշինգտոնը ռուսական սպառազինություն ձեռք բերելու համար Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանի: Թրամփն էլ, իր հերթին, ասել է, թե Թուրքիայի հետ ժամանակին անարդար են վարվել, սակայն չի բացառել պատժամիջոցների սահմանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG