«Վրացական երազանք»-ը երկրի հաջորդ վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Այդ մասին այսօր առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր իշխող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
«Այսօր առավոտյան կայացավ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում ես որպես կուսակցության նախագահ, վարչապետի պաշտոնում առաջադրեցի Գիորգի Գախարիայի թեկնածությունը` ստանալով խորհրդի անդամների լիակատար աջակցությունը: Հանրությունը Գախարիային շատ լավ է ճանաչում: Կարծում եմ, որ իր գործունեությամբ, սկզբում՝ որպես բիզնես օմբուդսմեն և էկոնոմիկայի նախարար, ապա նաև՝ որպես Ներքին գործերի նախարարության ղեկավար, Գախարիան վաստակել է վարչապետի պաշտոնում առաջադրվելու իրավունքը», - հայտարարում էր Իվանիշվիլին:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Իվանիշվիլին հատուկ ընդգծում էր այն հանգամանքը, որ արդեն նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն իր պաշտոնը լքեց առանց ավելորդ աղմուկի:
«Մենք երախտագիտությամբ ճանապարհեցինք իր սեփական ցանկությամբ պաշտոնը լքող Մամուկա Բախտաձեին: Դա տեղի ունեցավ շատ քաղաքավարի կերպով, և ես ուրախ կլինեի, եթե քաղաքական այդ մշակույթը պահպանվեր ոչ միայն մեր կուսակցության շարքերում, այլև ողջ Վրաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բախտաձեին ֆինանսների նախարարի և վարչապետի պաշտոնում իր գործունեության, ինչպես նաև քաղաքավարի ձևով պաշտոնից հեռանալու համար», - նշում էր Իվանիշվիլին:
Եթե խորհրդարանը Գիորգի Գախարիային հաստատի կառավարության ղեկավարի պաշտոնում, ապա նա կդառնա «Վրացական երազանք»-ի իշխանության յոթ տարիների ընթացքում պաշտոնավարած հինգերորդ վարչապետը: Վրացական ընդդիմության համոզմամբ, սակայն, կադրային այս խառնաշփոթը վկայում է իշխող կուսակցության ներսում տիրող ճգնաժամի մասին: Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները այսօր անգամ բողոքելով Գախարիայի առաջադրման դեմ՝ սուլոցներով և վանկարկումներով փորձեցին տապալել խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստը:
Գախարիայի հանդեպ ընդդիմության անհանդուրժողականության գլխավոր պատճառները երկուսն են: Նախ, ընդդիմադիրները հենց նրան են մեղադրում այն դաժանության համար, որ ցուցաբերեց ոստիկանությունը հունիսին` Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կազմակերպված բողոքի գործողությունները ցրելու ընթացքում, ինչի հետևանքով ավելի քան 70 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Բացի այդ, Վրաստանի քաղաքագիտական շրջանակները պնդում են, որ Գախարիան Իվանիշվիլիի ամենամերձավոր և հավատարիմ զինակիցներից է, և հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ ուժային կառույցները շարունակում են հավատարմորեն ծառայել «Վրացական երազանք»-ի առաջնորդին:
Ի դեպ, վարչապետի թեկնածուի կարգավիճակում իր առաջին իսկ հայտարարության մեջ Գիորգի Գախարիան հենց ուժային կառույցներում մոտալուտ կադրային փոխատեղումների մասին հայտնեց:
«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ներքին գործերի նախարար կնշանակվի այժմ Պետանվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վախթանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարար` [նախկին վարչապետ] Իրակլի Ղարիբաշվիլին», - հայտարարում էր Գախարիան:
Ի դեպ, նոր կառավարության հաստատման հարցում «Վրացական երազանք»-ը աննախադեպ արագ տեմպ է վերցրել: Կեսօրին մոտ՝ Իվանիշվիլիի և Գախարիայի ասուլիսից մոտ երկու ժամ անց արդեն, խորհրդարանի ղեկավարությունը ստացել էր նոր կառավարության կազմն ու ծրագիրը հստակեցնող փաստաթղթերը: Կառավարությանը կազմում, բացառությամբ ուժային բլոկի, մեծ փոփոխություններ չկան: Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ Գախարիայի կառավարությունը խորհրդարանը պատրաստվում է հաստատել մինչև այս շաբաթավերջ: