Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել


Վրացական ընդդիմությունը առաջին հաղթանակն է տոնում: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից անմիջապես հետո հրաժարական է ներկայացրել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Նրա հրաժարականի մասին հայտնի դարձավ մոտ 12 ժամ անց Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած կատաղի բախումներից, որոնց ընթացքում 240 ցուցարար և ոստիկան էր վիրավորվել: Վիրավորներից շատերը այս պահին էլ շարունակում եմ մնալ հիվանդանոցներում: Իսկ բողոքի ակցիաների մասնակիցներից առնվազն երկուսը ոստիկանների գործողությունների հետևանքով զրկվել են տեսողությունից:

Սրանք են անցած գիշեր Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների առաջին արդյունքները:

Ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումները ծագեցին այն բանից հետո, երբ հինգշաբթի երեկոյան Ռուսթավելիի պողոտայի խորհրդարանի շենքին հարող հատվածում հազարավոր ցուցարարներ հավաքվեցին` պահանջելով խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության և Պետանվտանգության ծառայության ղեկավարների հարժարականները:

Հանրային դժգոհության առիթը նախօրեին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: ԽՍՀՄ վերականգնման օգտին հանդես եկող, ուղղափառությունը կոմկուսի անդամակցության հետ համատեղող Գավրիլովը նստած էր Վրաստանի խորհրդարանի նախագահի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում:

Թեև վրացական իշխանությունները շտապեցին դատապարտել տեղի ունեցածը` այս ամենն արարողակարգային սխալ որակելով: Դժգոհությունը ընդամենը մի քանի ժամում հասավ աննախադեպ չափերի:

Ուշ երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի առջև արդեն հավաքվել էին վրացական ընդդիմության գրեթե բոլոր ղեկավարները և նրանց հազարավոր աջակիցներ: Ընդդիմության առաջնորդները սակայն դժվարությամբ էին կարողանում վերահսկել իրավիճակը, և կեսգիշերին մոտ ցուցարարները սկսեցին գրոհել խորհրդարանի շենքը:

Բախումներին զուգահեռ շտապ խորհրդարան ժամանեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Այն, ինչի ականատեսն ենք դարձել, բացարձակապես անընդունելի է և հարիր չէ մեր ժողովրդին: Սկզբում այս բողոքի ակցիան բավական խաղաղ էր ընթանում, սակայն վերջին երկու ժամերին ցուցարարաները սկսել են բռնարարքների դիմել: Սա ագրեսիվորեն տրամադրված մեկ խմբի` «Ազգային միացյալ շարժման» փորձն է՝ դուրս բերել Վրաստանը օրինականության դաշտից և խաթարել երկրի կայուն զարգացումը», - հայտարարել էր Բախտաձեն:

Վրաստանի վարչապետի այս հայտարարությունից մոտ մեկ ժամ անց ոստիկանությանը հաջողվեց ցուցարարներին հեռացնել խորհրդարանի շենքին հարակից տարածքից: Կեսգիշերից հետո ոստիկանությունը ջրնետ մեքենաների, արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների կիրառմամբ ցուցարարներից հեռացրեց Ռուսթավելիի պողոտայի մյուս հատվածներից ևս:

Նշեմ ի դեպ, որ աննախադեպ մեծ է գիշերային բախումների ընթացքում տուժած լրագրողների թիվը` ավելի քան 30: Նրանց մեծ մասը վնասվածքներ է ստացել ռետինե փամփուշտների կիրառման հետևանքով:

Այսօր առավոտյան իրադրությունը Թբիլիսիում համեմատաբար հանդարտ էր: Երիտասարդների որոշ խմբեր պարբերաբար ընդհարվում էին ոստիկանների հետ, մի խումբ էլ վաղ առավոտյան Հերոսների հրապարակում հարձակում էր գործել քաղաքի կենտրոնով անցնող մեքենաներից մեկի վրա:

Երեկոյան ընդդիմությունը կրկին պատրաստվում է փողոց դուրս գալ` հանրահավաք անցկացնելու Ռուսթավելիի պողոտայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG