Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել՝ չհստակեցնելով իր որոշման պատճառները:
Կառավարության ղեկավարի պաշտոնում մեկ տարուց քիչ ավելի աշխատած Բախտաձեն նշել է, թե իր առաքելությունը կատարված է համարում:
«2018 թվականին վարչապետի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման գլխավոր նպատակը երկրի զարգացման ռազմավարական շրջանակի ներդրումն էր, որը հետագա տարիներին կապահովեր մեր պետական նպատակների իրագործումը, կդառնար երկրի զարգացման այբուբենը», - Ֆեյսբուքում գրել է նա՝ հավելելով, որ այդ առաքելությունը կատարված է համարում և համապատասխանաբար որոշել է թողնել պաշտոնը:
Խոսելով հրաժարականի մասին՝ Բախտաձեն թվարկել է ոլորտները, որոնցում իր կարծիքով Վրաստանը շոշափելի առաջընթաց է գրանցել վերջին շրջանում՝ ներդրումային միջավայրի բարելավում, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում առաջընթաց:
Վրաստանի կառավարության հեռացող ղեկավարը լրագրողների հետ հանդիպման է եկել «Կրթությունը ազգային գաղափար» գրությամբ շապիկով:
37-ամյա Մամուկա Բախտաձեն, հիշեցնենք, կառավարությունը գլխավորելուց առաջ զբաղեցնում էր երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ մի քանի տարի ղեկավարել էր «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը: Նա երրորդ գործիչն է, որ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի` 2013- թվականին ներկայացրած հրաժարականից հետո և և անկախ Վրաստանի պատմության ընթացքում՝ տասներեքերորդը:
Բախտաձեն պաշտոնը ստանձնել էր Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետ, ով որպես իր այդ քայլի գլխավոր պատճառ մատնանշել է «Վրացական երազանք»-ի ներսում առկա տարաձայնությունները:
Ինչպես նշում է արդեն նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն, պաշտոնը թողնելուց հետո կշարունակի մնալ «Վրացական երազանք»-ի անդամ և «երկրի հավատարիմ զինվորը»:
Վրաստանի Սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականից հետո պորտֆելները թողնում են նաև նախարարարները՝ ժամանակավորապես պաշտոնավարելով մինչև խորհրդարանի կողմից նոր վարչապետի և կառավարության հաստատումը, ինչի համար խորհրդարանը ունի երկու շաբաթ ժամանակ:
Չնայած իր պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ դրական գնահատականներին՝ Բախտաձեն պաշտոնը թողնում է երկրում մեծ անկայունության ֆոնին՝ արժեզրկվել է ազգային տարադրամը, նվազել են զբոսաշրջության ոլորտի եկամուտները, մեծ սկանդալը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ չի մարում, իշխանություններին մեղադրում են ընդդիմադիր լրատվամիջոցը զավթելու մեջ: Այս իրադարձությունները հաջորդում են հակառուսական կարգախոսներով մեկնարկած բողոքի աննախադեպ ակցիաներին, որոնք հետագայում վերածվեցին հակակառավարական ցույցերի:
Վրաստանի նոր վարչապետի անունը, ինչպես Ֆեյսբուքում հայտնել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գիորգի Վոլսկին, կհրապարակվի վաղը: Վրացական լրատվամիջոցների տվյալներով, կառավարության ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան` երկրի թերևս ամենասկանդալային պաշտոնյան, ում հրաժարականը հունիսից ի վեր պահանջում են բազմահազարանոց ցույցերի մասնակիցները: Ընդդիմությունը նրան է պատասխանատու համարում հունիսի 21-ի լուսադեմին ցույցը կոշտ ուժի կիրառմամբ ցրելու համար, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ոստիկանների կողմից արձակված ռետինե փամփուշտներից երկու ցուցարար՝ երիտասարդ տղա և աղջիկ, զրկվել են տեսողությունից:
TV Pirveli հեռուստաընկերության ուղիղ եթերում Գախարիան հայտարարել էր, թե ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառելու հրամանն ինքն է արձակել, պնդելով, որ որոշակի պահից հետո բողոքի ակցիան արդեն խաղաղ չէր, ցուցարարները գրոհում էին խորհրդարանի շենքը: