Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունը կատարում է ցուցարարների պահանջներից ևս մեկը


Վրաստանի մայրաքաղաքում անցյալ շաբաթվանից շարունակվող բազմահազարանոց բողոքի ակցիաների ֆոնին երկրի իշխող ուժը գնաց հերթական զիջման:

«Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, թե հաջորդ խորհրդարանական ընտրությունները 2020 թվականին կանցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Վրաստանի իշխանությունները այսպիսով կատարում են չորրորդ օրը շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցների հիմնական պահանջներից ևս մեկը:

Իվանիշվիլիի խոսքերով, երկրի և հասարակության առջև ծառացած ներկայիս մարտահրավերները իշխող թիմին ստիպել են «ծավալուն բարեփոխումներ» իրականացնել Ընտրական օրենսգրքում:

«2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով՝ զրոյական ընտրական շեմի պայմաններում. Չնայած այն հանգամանքին, որ մեծամասնական ընտրական համակարգը ընդունված է աշխարհի բազմաթիվ երկրներում, մենք որոշում ենք կայացրել հրաժարվել դրանից և անցնել համամասնական ընտրակարգին», - այսօր հատուկ հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող ուժի փաստացի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է անցած հինգշաբթի օրը: Հանրային դժգոհության առիթ է դարձել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ պատմական դարձած նիստը, որի ընթացքում հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում:

Այդ տեսարանը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Կատարվածի համար ընդդիմությունը մեղադրանքների սլաքն ուղեեց նախ և առաջ սեփական իշխանությունների կողմը: Թեև մի շարք պաշտոնյաներ շտապեցին ներողություն խնդրել՝ տեղի ունեցածը անվանելով արարողակարգային սխալ, այդուհանդերձ ժամեր անց Վրաստանի խորհրդարանի շենքի առջև հավաքվեցին վրացական ընդդիմության գրեթե բոլոր ղեկավարները և նրանց հազարավոր աջակիցներ:

Ցույցը քիչ անց վերածվեց ոստիկանների հետ բախումների, ցույցի մասնակիցները փորձեցին գրոհել խորհրդարանի շենքը:

Ցուցարարների հետ երկխոսություն, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ: Փոխարենը իշխանությունը բողոքի ակցիաների մասնակիցների հետ խոսեց մահակներով, արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով: Ցուցարարների նկատմամբ այլևս երբեք ուժ չկիրառելու մասին իշխող ուժի խոստումը այդ օրը մոռացվեց:

Հունիսի 21-ի լուսադեմին ցույցն ավարտվեց ավելի քան 300 ցուցարարի ձերբակալությամբ, շուրջ 240 մարդ, այդ թվում ոստիկաններ և լրագրողներ, տարբեր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ: Ոստիկանների կողմից արձակված ռետինե փամփուշտի հետևանքով երկու ցուցարար՝ երիտասարդ տղա և աղջիկ զրկվել են տեսողությունից:

Այս իրադարձությունների հաջորդ օրը հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Մինչդեռ ցուցարարները նաև պահանջում էին փոխել ընտրակարգը, պաշտոնանկ անել Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային, պատժել ցուցարարների նկատմամբ անհավասար ուժ կիրառած ուժայիններին և ազատ արձակել ցույցերի ժամանակ ձերբակալվածներին:

Այսօր անդրադառնալով ոստիկանական ուժերի կողմից բիրտ ու անհավասար ուժի կիրառմամբ ցույցը ցրելուն՝ իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ով միևնույն ժամանակ փաստացի պատասխանատվություն չի կրում երկրում տեղի ունեցող գործընթացների համար, խոստացել է պատժել իրենց լիազորությունները գերազանցած ուժայիններին:

«Պետք է պատժվեն նրանք, ովքեր կազմակերպել են բռնության զանգվածային ակցիաներ, ինչպես նաև նրանք, ովքեր անհավասար ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ», - հայտարարել է Իվանիշվիլին՝ որևէ խոսք, սակայն, չասելով այդ իրադարձությունների համար պատասխանատվություն կրող Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի մասին:

Վերջինիս հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը Թբիլիսիում շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG