Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» վարչապետի պաշտոնում առաջադրում է 36-ամյա Մամուկա Բախտաձեի թեկնածությունը


Մամուկա Բախտաձե, Թբիլիսի, 14-ը հունիսի, 2018 թ․
Մամուկա Բախտաձե, Թբիլիսի, 14-ը հունիսի, 2018 թ․

Վրաստանի հաջորդ վարչապետի պաշտոնում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրում է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը: Այս մասին «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հայտարարեցին քիչ առաջ՝ կուսակցության ղեկավար մարմնի ավելի քան մեկ ժամ տևած նիստից հետո:

36-ամյա Բախտաձեն մի քանի տարի ղեկավարել է «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը, 2017-ի նոյեմբերին նա նշանակվել է ֆինանսների նախարար: «Ինձ համար այս պաշտոնը ստանձնելը մեծ պատիվ է: Իմ գործունեության ընթացքում հիմնական առաջնահերություններ են լինելու են վրաց ժողովրդի աշխարհաքաղաքական ընտրության` Եվրատլանտյան ինտեգրման գործընթացի հետագա ծավալումը, ինչպես նաև նորարարական, համապարփակ բարեփոխումների անցկացումը»,- նշել է վարչապետի պաշտոնում առաջադրված Մամուկա Բախտաձեն:

Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում Բախտաձեն կդառնա երրորդ գործիչը, որ կզբաղեցնի կառավարության ղեկավարի պաշտոնը Բիձինա Իվանիշվիլիի` 2013-ին ներկայացրած հրաժարականից հետո: Վրաստանի քաղաքական շրջանակներում, սակայն, վստահ են` Իվանիշվիլին հերթական անգամ խուսափում է պատասխանատվությունից` գերադասելով վարչապետի պաշտոնում նշանակել իրենից լիակատար կախվածության մեջ գտնվող ենթականերից մեկին:

«Մենք պետք է վերջ տանք քաղաքական դիմակահանդեսի այս ժամանակաշրջանին, երբ վարչապետներ են ընտրվում, սակայն ո՛չ Վրաստանի հանրությանը, ո՛չ էլ արտերկրի մեր գործընկերներին պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ մարդիկ: Եթե մենք խոսում են եվրոպական ուղղու ընտրության և եվրոպական չափանիշներին համապատասխանող պետության կերտման մասին, ապա պետք է հասկանանք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է իշխող կուսակցության ղեկավարը:

Այդ իսկ պատճառով էլ, ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք պատասխանատու քաղաքականության, պետության և հանրության համար հասկանալի կառավարման համակարգի ձևավորման մասին, ապա հենց Բիձինա Իվանիշվիլին պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը»,- արձագանքելով նոր վարչապետի թեկնածությանը, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահը:

Վրաստանի վարչապետը հրաժարական ներկայացրեց երեկ երեկոյան: 2015-ի դեկտեմբերից կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Գիորգի Կվիրիկաշվիլին, որպես իր այդ քայլի գլխավոր պատճառ, մատնանշել էր իշխող «Վրացական երազանքի» ներսում առկա տարաձայնությունները:

«Իմ և իշխող թիմի միջև մի շարք ուղղություններով տարաձայնություններ են ի հայտ եկել: Խոսքը, մասնավորաբար, մեր կառավարության վարած տնտեսական քաղաքականության մասին է: Ցանկանում եմ նաև ընդգծել, որ վերջին մի քանի ամիսներին մի շարք հիմնարար թեմաների շուրջ ես և «Վրացական երազանքի» ղեկավար Բիձինա Իվանիշվիլին տարբեր մոտեցումներ որդեգրեցինք: Ես դա բավական նորմալ գործընթաց եմ համարում»,- հայտարարել է Վրաստանի արդեն նախկին վարչապետը:

«Վրացական երազանքի» ներկայացուցիչներն ի դեպ, այսօր որոշ մանրամասներ են հաղորդել Կվիրիկաշվիլիի հրաժարականի իրական դրդապատճառների մասին: «Վրացական երազանքի» անդամ, պատգամավոր Դավիթ Չիչինաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել է, թե իշխող թիմի ներսում առկա հիմնական տարաձայնությունները վերաբերել են երկրում առկա տնտեսական կացությանը:

«Հիմնական տարաձայնությունները, որ առկա էին վարչապետի և Իվանիշվիլիի միջև, վերաբերում էին բանկային համակարգի կարգավորումներին, ինչպես նաև Անակլիայի նավահանգստին, որը վերջերս հանձնվել է գործարար Մամուկա Խազարաձեին պատկանող ընկերություններից մեկին»,- նշել է պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG