Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ցուցարարներն այսօր մինչև14։00-ն ժամանակ են տվել ներքին գործերի նախարարին հրաժարականի համար


Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիա, արխիվ
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիա, արխիվ

Թբիլիսիում ցուցարարներն այսօր մինչև14։00-ն ժամանակ են տվել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային հրաժարական ներկայացնելու համար, հակառակ պարագայում խոստանալով այսօր 19։00-ին կրկին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ, փոխանցում է «Ազատության» վրացական ծառայությունը։

Ցուցարարները նաև պահանջում են ազատ արձակել հունիսի 20-ին բերման ենթարկվածներին և պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։

Ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումները ծագեցին այն բանից հետո, երբ հինգշաբթի երեկոյան Ռուսթավելիի պողոտայի խորհրդարանի շենքին հարող հատվածում հազարավոր ցուցարարներ հավաքվեցին` պահանջելով խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության և Պետանվտանգության ծառայության ղեկավարների հարժարականները:

Հանրային դժգոհության առիթը նախօրեին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: ԽՍՀՄ վերականգնման օգտին հանդես եկող, ուղղափառությունը կոմկուսի անդամակցության հետ համատեղող Գավրիլովը նստած էր Վրաստանի խորհրդարանի նախագահի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում:

Մոտ 12 ժամ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած կատաղի բախումներից հետո, որոնց ընթացքում 240 ցուցարար և ոստիկան վիրավորվեց, իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից անմիջապես հետո հրաժարական ներկայացրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG