Մատչելիության հղումներ

Սիրիայում մոտ 25-28 հազար հայ է մնացել, առաջնահերթ են սոցիալական խնդիրները․ դեսպան


Սիրիական 8,5 տարվա ճգնաժամի ընթացքում Հայաստան են եկել շուրջ 22 հազար հայեր, որոնցից 15-18 հազարը բնակություն են հաստատել Հայաստանում, մյուսները Հայաստանից տարբեր ուղղություններով մեկնել են:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Սիրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:

Ըստ Սիրիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների, այսօր Սիրայում բնակվում է 25-28 հազար հայ, հիմնական մասը շարունակում է կենտրոնացած մնալ Հալեպում:

Հայ համայնքի կազմակերպված վերադարձ տարբեր երկրներից, դեսպանի փոխանցմամբ, չի նկատվում: Կան նախնական տեղեկություններ շուրջ 50 ընտանիքների մասին, ովքեր վերադարձել է Սիրիա հարևան երկրներից:

Դեսպանը նկատում է, որ եթե 1-2 տարի առաջ համայնքի հիմնական խնդիրը ֆիզիկական անվտանգության հարցն էր, այսօր արդեն առաջնահերթությունների շարքում են նաև սոցիալ-տնտեսական խնդիրները․ - «Անշուշտ անվտանգության առումով բավական ավելի բարվոք է վիճակը թե՛ Դամասկոսում, թե Հալեպում: Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ երկրում առկա է խիստ սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որը առնչվում է անմիջապես նաև անվտանգությանը»:

Ինչ վերաբերում է Սիրիա մեկնած հայ ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող մասնագետներից բաղկացած խմբի աշխատանքներին, դեսպանը շեշտում է, որ գործուղումը եղել է Հայաստանի սուվերեն որոշումը:

Տիգրան Գևորգյանի փոխանցմամբ, վերջին մի քանի ամիսների ընթացքում բժիշկները շուրջ 1000 վիրահատություն են անցկացրել, իսկ ականազերծողները մոտ 35-38 հազար քառակուսի մետր տարածք են վնասազերծել:

Ի պատասխան հարցին, թե խմբին տեղում ինչ աջակցություն են ցուցաբերում ռուս գործընկերները, դեսպանը մանրամասնեց․ - «Ռուսաստանի Դաշնության գործընկերների մատուցած օժանդակությունը տեխնիկական օժանդակություն է: Իսկ կեցության, սննդի բոլոր հարցերը կազմակերպվում են տեղում նաև մեր հայ համայնքի ներկայացուցիչների օգնությամբ»:

Հիշեցնենք, որ տեղեկատվության հաստատումից կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է խմբի գործուղմանը Սիրիա՝ ընդգծելով, որ չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Ինչպես նաև չեն պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով:

Հարցին, թե արդյոք մտահոգություն չունեն, որ այս քայլը կանդրադառնա արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների վրա, Սիրիայում Հայաստանի դեսպանն արձագանքեց․ - «Ես չեմ ուզենա, որ դա որևէ տեսակ անդրադարձ ունենա մեր հարաբերությունների վրա մեր արևմտյան գործընկերների հետ, և հուսամ, որ չի ունենա: Հուսամ, որ մեր արևմտյան գործընկերները ճիշտ կգնահատեն և ճիշտ կարժեվորեն մեր այս առաքելությունը, քանի որ սա իսկապես բացառապես հումանիտար, մարդասիրական առաքելություն է»:

Որոշումը ժամանակին քննադատության ենթարկվեց որոշ ընդդիմադիր ուժերի կողմից: Հնչեցին նաև սիրիահայ համայնքի բնակչության մտահոգությունները, որ այս որոշմամբ Հայաստանը կարող է կորցնել տարիներ շաորնակ պահպանած չեզոք դիրքը Սիրիայում:

Դեսպանն ասում է, որ այս բոլոր մտահոգությունները այլևս փարատված են․ - «Ես անձամբ հանդիպումներ եմ ունեցել թե՛ ազգային իշխանությունների հետ, թե' հոգևոր հոգևոր ղեկավարության հետ համայնքի: Բոլոր մեր խոսակցությունների ընթացքում տարվում է բացատրական աշխատանք ոչ միայն մեր համայնքի ներկայացուցիչների շրջանակներում, այլ նաև տեղաբնակ արաբների և այլ ազգերի: Բավական մեծ աշխատանք է կատարվել թե՛ Հալեպում մեր Գլխավոր հյուպատոսության կողմից, թե՛ Դամասկոսում: Պետական, պաշտոնական մակարդակի կամ ժողովրդային մակարդակի բացատրական աշխատանք է կատարվել: Հիմա ես վստահ կարող եմ ասել, որ այո, փարատվել են բոլոր այդ մտահոգությունները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG