Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով արդեն Հալեպում է հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահավող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունն՝ ընդգծելով, թե որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:
Ըստ պաշտպանական գերատեսչության, հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսական կողմի աջակցությամբ:
«Ազատության» հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը շեշտեց՝ զորախմբի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Սիրիա է մեկնել մասնագետների խումբ:
Հարցին, թե սա հայ-ռուսական նախաձեռնությո՞ւն է, փոխնախարարը պատասխանեց՝ սա միայն հայկական կողմի նախաձեռնությունն է: «Սա հայկական նախաձեռնություն է, որին լոգիստիկ օժանակություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը՝ հանձինս նաև գործընկեր գերատեսչությունների», - ասաց փոխնախարարը։
Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչո՞վ է աջակցելու Ռուսաստանը, Բալայանը պատասխանեց. - «Լոգիստիկ, օրինակ, տեղափոխումն անձնակազմի»։
Ըստ պաշտպանության փոխնախարարի, հայկական կողմն ինքնուրույն է որոշում կայացնելու՝ ում բուժել և որտեղ ականազերծման աշխատանքներ իրականացնել:
Մինչդեռ, հիշեցնենք, 2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու»:
Ավելի վաղ՝ անցած օգոստոսին, ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը, Փաշինյանը նշել էր, որ կողմերն աշխատում են համատեղ հումանիտար մի նախագծի վրա, որն աննախադեպ է Հայաստանի նորանկախ պատմության մեջ: «Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով», - ասել էր Փաշինյանը։
Անդրադառնալով հայ մասնագետների գործունեության տեղանքին՝ պաշտպանության փոխնախարարը շեշտեց՝ հայ բժիշկներից և սակրավորներից կազմված խումբը գործելու է բացառապես զինվորական գործողություններից զերծ տարածքներում, և դա գլխավոր սկզբունքն է, որը վերաբերում է և՛ բժիշկներին, և՛ սակրավորներին, ովքեր առաջին հերթին զբաղվելու են հայ համայանքի խնդիրներով:
«Ազատություն». - Իսկ որտե՞ղ են տեղակայվելու, օրինակ, բժիշկները։
Բալայան. - Հալեպ քաղաքում։
«Ազատություն». - Հիվանդանոցներում են աշխատելո՞ւ, թե՞՝ հատուկ ստեղծված ճամբարներում։
Բալայան. - Ճամբարներում չեն աշխատելու, մենք հատուկ ունենք մեր վայրը՝ կեցավայրը բուժանձնակազմի համար, որտեղ հավասար հնարավորություններ են ստեղծվել՝ իրենց գործունեությունը ծավալելու համար։
«Ազատություն». - Սիրիայի իշխանությո՞ւն է այդ տեղանքը տրամադրել մեր խմբին։
Բալայան. - Մեզ օժանդակել է մեր հյուպատոսությունը, որը գործունեություն է ծավալում այնտեղ, այդքան մանրամասների չեմ տիրապետում, որ հայտնեմ, թե ով է տրամադրել։
«Ազատություն». - Սակրավորներն որտե՞ղ են կոնկրետ գործողություններ իրականացնելու։
Բալայան. - Նորից եմ ասում՝ բացառապես զինվորական գործողություններից զերծ տարածքում՝ Հալեպ վարչական շրջանի սահմանների մեջ։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ պայմանագրի շրջանակներում է խումբը Սիրիա մեկնել, Գաբրիել Բալայանը շեշտեց, թե համապատասխան իրավապայմանագրային բազան առաջացել է դեռևս 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև կնքված պայմանագրի շրջանակներում. - «Մենք 2001 թվականին վավերացրած պայմանագիր ունենք, դրա շրջանակներում է»։
Մեկ այլ հարցի, թե կարո՞ղ է այս որոշումը աշխարհաքաղաքական առումով խնդիրներ հարուցել Հայաստանի համար, պաշտպանության փոխնախարարը պատասխանեց, թե բոլոր կողմ և դեմ կարծիքները հաշվի են առնվել, և քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված է:
Ըստ Բալայանի, Հայաստանն իր գործընկերների հետ մշտապես կապի մեջ է, և այդ գործընկերների շրջանակը չի սահմանափկվում մեր տարածաշրջանով, Հայաստանն ակնկալում է նաև նրանց աջակցությունը՝ հումանիտար առաքելություն իրականացնելու հարցում:
Թե որքան ժամանակ հայ մասնագետների խումբը կմնա Սիրիայում, հստակ չէ, պաշտպանության փոխնախարարնն ասաց, թե «առնվազն մի քանի ամիս» և արդյունքներից կախված կորոշվեն հետագա գործունեության ժամկետները։