«Ազատության» հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը ընդունում է, որ հանրությունը՝ այդ թվում իրենք պաշտապանության հանձնաժողովում դեռևս չունեն մի շարք կարևոր հարեցրի պատասխաններ, թե, օրինակ, որտեղ է տեղակայվելու մասնագիտական խումբը, ով է հայ բժիշկների և սակրավորների անվտանագությունն ապահովելու և այլն:
Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հույս ունի, որ առաջիկայում Կառավարության հետ քննարկումների արդյունքում կստանան բոլոր հարցերի պատասխանները:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով 83 հայ մասնագետների Հալեպ գործուղվելու մասին հայ հանրությունը տեղեկացավ պոստֆակտում․ Պաշտպանության նախարարությունն այդ մասին հայտարարեց այն ժամանակ , երբ մասնագիտական խումբն արդեն Հալեպում էր:
Անդրանիկ Քոչարյան․ - Բայց ինչ վերաբերում է մասնագետների խումբ Սիրիա գործուղելուն, ես, որպես պաշտպանության հանձնաժողովի նախագահ, այդտեղ տեսնում եմ, նախ բարոյական հարթության վրա, որ մեր Սիրիայում բնակվող հայ համայնքը դրանով ինքը իրեն ավելի ապահով կզգա, որովհետև վերջապես Հայաստանը, պետությունը հումանիտար գործողություն է անում, որը միտված է նաև իրենց կյանքի, անվտանգության ապահովմանը: Երկրորդը, եթե այդտեղ ինչ-որ խնդիրներ են առաջացել, դա կարելի է նայել: Բայց ես ինչքան հասկացա, առաջնորդվել ենք 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի միջև կնքված պայմանագրով:
«Ազատություն»․ - Նշվում է, որ պարզ չի անգամ, թե, օրինակ, նրանց անվտանգությունը ով է այնտեղ պաշտպանելու, ինչպես են այդ անվտանգության միջոցառումները ընդհանրապես ձեռնարկվելու:
Քոչարյան․ - Դրանք հարցեր են, որ մի քանի օրվա ընթացքում և՛ ես, և՛ հանձնաժողովի անդամները կճշտենք պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ:
«Ազատություն»․ - Կա՞ փաստաթուղթ, թե ում ենթակայության տակ է լինելու, որտե՞ղ է տեղակայված․․․
Քոչարյան․ - Չգիտեմ կա թե չէ: Դրա համար ասում եմ՝ մի քանի օրվա ընթացքում կամ մինչև մյուս շաբաթ մենք կհասկանանք, թե այդ խնդիրները ընդհանրապես ոնց ա նախատեսված, ինչպիսի լուծումներ պետք է տրվեն այդ խնդիրներին:
Հայ մասնագետներից բաղկացած խմբի Հալեպ մեկնումից հետո Հայաստանի պաշտանության փոխնախարար Գաբրիել Բալայանն «Ազատության» հետ զրույցում ընդգծել էր, թե այս քայլը հայկական կողմի նախաձեռնությունն էր: Մինչդեռ նույն օրը Մոսկվայում, Ռուսաստանի պաշտպանության նախարարն իր հայաստանցի գործընեկերոջ՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը շնորհակալություն էր հայտնել Հայաստանին Սիրիա մեկնելու Ռուսաստանի կոչին առաջինը արձագանքելու համար:
Անդրանիկ Քոչարյանը, սակայն, այս հայտարարություններում հակասություն չի տեսնում․ - «Որևէ հակասություն չեմ տեսնում այստեղ: Բացարձակ: Որովհետև, ըստ էության, իրոք սա Հայաստանի նախաձեռնությունն է, և Ռուսաստանն էլ, բնականաբար, շատ ուրախ պետք է լինի, որ Հայաստանից գործուղված հումանիտար առաքելությամբ ինժեներները, բժիշկները ինչ-որ առաքելությամբ լուծում են խնդիրներ, որը նաև վերաբերվում է իրենց կոնտինգենտի ապահովությանը: Ենթադրենք, որ մեր սակրավորները էնտեղ ակազերծում են ինչ-որ տարածք, պարզ չի՞, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը պետք է դրանից միայն ուրախանա: Եթե մեր բժիշկները փրկում են ինչ-որ մեկի կյանքը, դա կարա լինի ոչ միայն հայի կյանքը, դա կարա լինի նաև ռուս զինվորականի կյանք, դա կարա լինի սովորական սիրիացի քաղաքացու կյանք․․․ Եվ բնականաբար, պետք է էնտեղ արդեն ռազմական առաքելություն անող ռուսական պաշտպանական գերատեսչության ղեկավարը ուրախանա»:
«Ազատություն»․ - Իսկ արևմտյան գործընկերը կարծում եք հանգի՞ստ կընդունեն այս որոշումը:
Քոչարյան․ - Արևմտյան գործընկերները անպայման ըմբռնումով կմոտենան սրան, որովհետև խոսքը վերաբերում է առաջին հերթին մեր հայրենակիցներին, որոնք բնակվում են Սիրիայի տարածքում:
Մինչդեռ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում Սիրիա մասնագիտական խումբ ուղարկելու որոշումը խնդրահարույց են համարում: Խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանն «Ազատության» հետ զրույցում անընդնունելի որակեց առանց խորհրդարանի հետ քննարկման նմանօրինակ որոշման կայացումը․ - «Կարծում եմ, ճիշտ կլիներ, այդ կարևոագույն նմանատիպ որոշումներ ընդունելիս առաջին հերթին հաշվի առնել Ազգային ժողովի կարծիքը, առնվազն՝ որևէ քննարկում կազմակերպել, եթե էդտեղ գաղտնիության բաղադրիչ կա՝ գոնե հանձնաժողովում, ոչ հրապարակային, որպեսզի Ազգային ժողովը համապատասխան հարցերը կարողանար տալ և հստակ իմանալ, թե ինչի համար է այդ առաքելությունը իրականացվում: Որովհետև մենք գիտենք, որ երկար տարիներ եղել են այդ խոսակցությունները, որ Հայաստանը ուղարկի ինչ-որ զորախումբ Սիրիա, բայց դա միշտ մերժվել է կամ ինչ-որ ձևով հետաձգվել է: Հիմա կարող է սա նաև հետևանքներ ունենալ Հայաստան - որոշ այլ երկրներ հարաբերությունների վրա․․․ և՛ ԱՄՆ-ի, և՛ եվրոպական երկրների հետ կապված»:
«Ազատություն»․ - Ձեր կարծիքով, ինչո՞ւ է առանց քննարկումների և պոստ ֆակտում տեղեկացել հանրությունը, նաև դուք՝ պատգամավորներդ այդ մասին:
Գորգիսյան․ - Չեմ կարող ասել ինչու: Բայց կարող եմ միանշանակ ասել, որ սա գործելաոճ է, որը անընդունելի է: Իշխանությունները անընդհատ խոսում են թափանցիկ գործելաոճի մասին, խոսում են հաշվետվողականության բարձրացման մասին․․․ էս գործողությունը կոնկրետ էդ ամեն ինչին դեմ է:
«Ազատություն»․ - Այսինքն Ձեր դիրքորոշումը ինչպիսի՞ն է․ չպե՞տք է մասնագետների այդ խումբը ուղարկվեր Սիրիա:
Գորգիսյան․ - Միգուցե պետք էր: Բայց էդ մասին պետք էր խոսել, և պետք է Ազգային ժողովը իմանար, թե ինչի համար է դա արվում:
Ի դեպ, մինչև Սիրիա հայ բժիշկներից և սակրավորներից կազմված խմբի մեկնումը, «Լուսավոր Հայաստանը» հարցում էր արել կառավարությանը՝ պարզելու համար, թե ինչ իրավական հիմքերով է խումբը Հալեպ մեկնում: Առայսօր ընդդիմադիր խմբակացությունը կառավարությունից պատասխան չի ստացել: