«Սիրիայում բնակվող հայերի անվտանգության խնդիրը մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է», - այսօր նշեց Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո արած հայտարարությանը, թե Հայաստանը առաջիկայում Սիրիայում մարդասիրական առաքելություն կիրականացնի։
«Այդ տրամաբանությամբ է, որ մենք գործում ենք և աշխատում ենք նաև մեր գործընկերների հետ: Գիտեք, որ այս հարցում նախկինում ևս Ռուսաստանի Դաշնությունը օգտակար է եղել, որպեսզի մենք կարողանանք ֆիզիկապես հասցնել հումանիտար օգնությունը այնտեղ: Այս դեպքում ևս մենք աշխատելու ենք միասին, որպեսզի կարողանանք տեղում մեր ներդրումը ունենալ խիստ անվտանգության հումանիտար կոնտեքստում», - ասաց Մնացականյանը:
Երեկ «Ազատության» հետ զրույցում Պաշտպանության փոխնախարար Գաբրիրել Բալայանը մեկնաբանեց, որ Սիրիրա չի ուղակվելու զորախումբ կամ զինված ուժերի ստորաբաժանում, այլ միայն հումանիտար մասնագետների խումբ՝ հիմնականում բժիշկներ և ինժեներներ, ովքեր օգնելու են Հալեպի խաղաղ բնակիչներին։ Սիրիա մեկնող խումբը գործելու Հայաստանի դրոշի ներքո։
«Սա հումանիտար գործողություն է մեզ համար առաջին հերթին», - այսօր նշեց Զոհրապ Մնացականյանը:
Արտգործնախարարն այսօր անդրադարձավ նաև իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ առաջիկայում նախատեսված հանդիպմանը՝ նշելով, որ ժամկետի վերաբերյալ հայտարարություն կանի ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված եղանակով․ - «Ես փորձում են լինել շատ կոռեկտ այդ հարցում և հայտարարությունները անել համաձայնեցված ձևով․․․ Մենք արդեն խոսել ենք նրա մասին, որ մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, որ մենք արտահայտել ենք մեր հավատարմությունը այդ գործընթացին և խաղաղ բանակցություններին»: