Մատչելիության հղումներ

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է


Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան, արխիվ
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբանը հայտնեց, որ Սանասարյանի մեղադրանքը մնացել է նույնը, որոշ փոփոխություններ եղել են մեղադրանքի ձևակերպումներում: Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբանը 20 օր ժամանակ է խնդրել: Սանասարյանը հեմոդիալիզի գնումների գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

«Համոզված եմ, որ ապացույցներ չկան, բայց գործի նյութերին կծանոթանամ, ու այդ ժամանակ ավելի կոնկրետ կներկայացնեմ հանրությանը, թե ինչի մասին է խոսքը», ֊ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Դավիթ Սանասարյանը։

Նախկին պաշտոնյան հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ ԱԱԾ-ն վատնելով պետական ռեսուրսը այդպես էլ օբյեկտիվ քննություն չանցկացրեց:

Ազգային անվտանգության ծառայությունը, մինչդեռ, ամիսներ առաջ հայտարարել էր, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Սանասարյանը, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Հեմոդիալիզի սարքավորումներ ներկրող ընկերություններից «Ֆրեզեն» ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանը փետրվարին ահազանգել էր, որ պետական մակարդակով իրենից բիզնես են խլում։ Սանասարյանն էլ պնդում է, որ «Ֆրեզեն»-ն է տարիներ շարունակ մասնակցել և շահել մրցույթներում, ընդ որում՝ այնպիսի պայմաններով, որ միակ հաղթողը հենց այս ընկերությունը ճանաչվի։

Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 35-ամյա պաշտոնյան թավշյա հեղափոխության առանցքային մասնակիցներից էր, քրեական գործի հարուցումից հետո նրա լիազորությունները դադարեցվել էին:

XS
SM
MD
LG