Մատչելիության հղումներ

Երևանի փոխքաղաքապետ․ Աղբահանության խնդրի հանգուցալուծումը մոտ է


Երևանի քաղաքապետարան - «Սանիթեք» դիմակայությունը շարունակվում է, սակայն մայրաքաղաքում աղբահանության խնդրի հանգուցալուծումը մոտ է, վստահեցնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, ով հյուրընկալվել էր Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականին»:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Հայկ Սարգսյան․ - Կարելի է արդեն ամրագրել, որ մենք մոտ ենք խնդրի հանգուցալուծմանը: Ինչո՞ւ՝ որովհետև արդեն ժամանում են, ըստ նախօրոք սահմանված ժամանակացույցի, մեր պատվիրված մեքենաները և աղբամանները, և էս ամբողջ ռեսուրսը գալիս է օգնելու խնդրի ավելի արագ կարգավորմանը, և այսօր իսկ կարելի է փաստել քաղաքում աղբահանության վիճակի՝ էն կրիզիսային իրավիճակի կոտրված լինելու հանգամանքը: Այնուամենայնիվ, անելիքները ավարտված չեն, բավական դեռ գործեր ունենք, որպեսզի գանք էն ցանկալի իրավիճակին, որը մենք ակնկալում ենք ինքներս մեզնից առաջին հերթին և նաև բնակչությունը՝ մեզանից:

Ինչու չի հավաքվում կամ ինչու չէր հավաքվում, ինչու էր աղբամանները լիքը․ էստեղ մեկը չի պատճառը, բազմազան են՝ պատճառները ֆինանսական են, պատճառները կառավարման, էսպես ասած, խնդիրների հետ են կապված, բազմաթիվ են դրանք:

Այս պահին «Սանիթեք» ընկերությունը իրականացնում է աղբահանությունը պահանջվող տեխնիկա միավորների քանակի ընդամենը 15, 20, 25 տոկոսի ծանրաբեռնվածությամբ: Եվ եթե դուք նայեք քաղաքի աղբահանության վիճակին և գոնե դինամիկային, կտեսնեք, որ էն բացը, որը լրացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված տեխնիկայի միջոցներով, դա բավական բարելավել է իրավիճակը: Դա ընդամենը մեր կողմից պատվիրված և ձեռք բերված միավոր տեխնիկայի քանակի կեսն է կամ ավելի քիչ: Եթե ամբողջ մեր պատվերը հասնի տեղ, և ամբողջ մեր աղբամանների թվաքանակը համալրվի, և տեղադրվեն արդեն համապատասխան քարտեզագրման կետերում, ապա մենք ականատես կլինենք ամբողջովին լուծված աղբահանության խնդրի:

«Սանիթեք» ընկերությունը բազմիցս մեզ ցուցադրել է էն որակները կառավարման և ֆինանսական, որը մեզ համոզում է մինչ օրս և այլևս, որ «Սանիթեք» ընկերությունը վստահելի գործընկեր չի կարող լինել այս ոլորտում՝ համենայն դեպս, գոնե այս ոլորտում: Ուստի Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի, չուներ ամենաօպտիմալ մեկ այլ տարբերակ, որով կարողանար ավելի արագ կարգավորել այս խնդիրը, քան մենք կարողացանք: Ինչո՞ւ: Տեսեք, ես մի անգամ էլ եմ անդրադարձել, քաղաքապետը ևս բազմիցս անդրադարձել է այս խնդրին․

Մենք գործ ունենք մեկ և ավել միլիոն բնակչությամբ և մի քանի հարյուր հազար օրական դեմոգրաֆիկ հոսք ունեցող քաղաքի հետ, այս քաղաքը գեներացնում է օրական շուրջ հազար տոննա աղբ, այս աղբի հետ, այսպես ասած, կատակ անել չի կարելի, այս ծավալը կառավարել է պետք, և եթե մենք գնանք կտրուկ լուծումների, եթե մենք որևէ պահի որոշեինք, որ «Սանիթեք»-ի հետ խզում ենք պայմանագիրը, մեզ սպասվում էր հաջորդ քայլը, որ պետք է ընտրել նոր օպերատոր: Նոր օպերատորի ընտրությունը գործընթաց է, ամիսների գործընթաց է՝ մեկ չէ, երկու չէ, մի քանի ամիսների, և ինչպիսի՞ն եք պատկերացնում իրավիճակը, երբ խզվել է պայմանագիրը, ենթադրենք թե «Սանիթեք»-ը դիմել է արբիտրաժ կամ չի դիմել՝ հասկանալով, որ հեռանկարը զրո է, չի էլ դիմել, չի էլ գնացել, բայց մենք ունենք օրական հազար տոննա կուտակվող աղբ՝ առանց որևէ մեկ գոնե բեռնատար հեծանիվի, որով գոնե կարելի է մի քանի կիլոգրամ աղբ տեղափոխել, առանց որևէ տեխնիկայի և միջոցների, առանց որևէ կառավարվող միավորի սպասել, մինչև տեղի կունենա հաջորդ մրցույթը, մինչև «Սանիթեք»-ը կբողոքարկի՝ կա՛մ կհաղթի, կա՛մ կպարտվի, և այլն, և այլն․․․ Այս ամբողջ գործընթացի ընթացքում մենք պետք է ունենայինք աղբահանությունը, չէ՞: Այ, ո՞վ կհուշի մեզ՝ որտեղի՞ց կարար սա լիներ, եթե մենք խզեինք այս պայմանագիրը ենթադրենք թե 4, 5, 8 ամիս առաջ․ չկար այս այլընտրանքը:

«Ազատություն»․ - Բայց ինչո՞ւ եք խզում այդ պայմանագիրը, դուք կարող էիք մրցույթը հայտարարել և շարունակել, «Սանիթեք»-ը շարունակի իր գործը մինչև պայմանագրի խզումը: Կարող էիք և՛ մրցույթ հայտարարել, և՛ շարունակել, ինչո՞ւ հնարավոր չէր դա: Հիմա դուք կարող էիք, այ հիմա, անցկացնել մրցույթ:

Սարգսյան․ - Այո, այս պահին, իմ կարծիքով, սա ամենաքիչ լուսաբանված կողմն է խնդրի, ուստի շատ կուզեի անդրադառնալ այս հարցին: Ոչ, մենք չէինք կարող «Սանիթեք»-ի հետ պայմանագրի գործողության ժամկետում մեկ այլ մրցույթ հայտարարել՝ ա) որովհետև «Սանիթեք»-ը կնքված մոնոպոլ պայմանագիր է, որովհետև պայմանագիրը ինքն է մեզ կաշկանդում՝ որպես պայմանագրի կողմ, իրավունքի սուբյեկտ, գնալ այդ քայլին, և երկրորդ՝ որովհետև Հայաստանում գործում է գնումների մասին օրենսդրությունը, որը մեզ արգելում է տվյալ գործառույթով, տվյալ ծառայության ձեռքբերման շրջանակում հայտարարել մեկ այլ մրցույթ, քանի դեռ չի ավարտվել նախորդ մրցույթով կնքված պայմանագիրը կամ չի դադարել դրա գործողությունը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 18-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG