Մատչելիության հղումներ

Երևանն աղբից մաքրելու պահանջով բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց


Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ Երևանի քաղաքապետարանի մուտքը ողողել են 21 օրվա գարշահոտ աղբով, որ Արշակունյաց պողոտայից էին տեղափոխել:

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը աղբով լի տոպրակներից զանգվածը հանում ու քաղաքապետարանի դռան ապակիներին էր քսում:

«Էսօր մեր քաղաքի վիճակը շատ անմխիթար ա: Ուղիղ տասը ամիս ոչ մի աղբահանության աշխատանք չի կատարվում Երևան քաղաքում», - «Ազատությանն» ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Քիչ անց տարածք եկան ոստիկանները և բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ութին, այդ թվում՝ ավագանու նախկին անդամ, «Իրավունքի և արժեքների գերակայություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սոնա Աղեկյանին:

Քաղաքապետարանի մոտ ակցիայից րոպեներ անց միակ բերման չենթարկվածը քաղաքացի Բալբաբյանն էր՝ «նախընտրական խոստումները հօդս թռան» քաղաքապետին ուղղված պաստառով:

Մոտ երեք ժամից Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ արձակվեցին բերման ենթարկված 8 քաղաքացիները: Պարզվեց, որ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով:

«Մեր խափանման միջոցն է փոխվել, բայց քրեական գործը հարուցված է: Ինձ ձեռնաշղթաներ են հագցրել», - նշեց բերման ենթարկվածներից Սամվել Մովսիսյանը:

Քաղաքապետարան եկած քաղաքացիներն ասում էին, որ ամիսներ ի վեր ահազանգում են, որ քաղաքի աղբահանությունը վատ է իրականացվում, և ահա նման ակցիայով են փորձում քաղաքային իշխանությանը զգոնացնել:

Սոնա Աղեկյանը ոստիկանության գործողություններն ապօրինի որակեց, ասաց, թե իրենց բերման ենթարկած աշխատակիցները բռնություն են կիրառել․ - «Բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել: Հիմա ես գնում եմ շտապօգնության դիմեմ»:

«Հետապնդելի որևէ արարք չենք կատարել», - ասացին ակցիայի մասնակիցները: Նրանք ծրագրում են կրկնել այն ինչ առավոտյան են արել․ մայրաքաղաքի տարբեր հատվածներից դատարկել աղբամանները ու աղբը տեղափոխել քաղաքապետարան:

«Ասին՝ դուք կարաք նորից անեք, բայց մենք նորից ձեզ բերման ենք ենթարկելու», - փոխանցեց Մովսիսյանը:

Սոնա Աղեկյանն ասաց, թե այն, ինչ առավոտյան է եղել, բոլորովին էլ անակնկալ չէր․ պարբերաբար ահազանգել են, որ քաղաքում աղբի վիճակը գնալով անտանելի է դառնում։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այս ամենը անվանեց «բուրավետ փերֆորմանս» և հիշեցրեց, որ «Սանիթեք» ընկերությունն է քաղաքում աղբահանությամբ միակ զբաղվողը:

Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը ճգնաժամային լուծումներ է փնտրում աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկի օգնությամբ. աղբատար մոտ 20 մեքենայի են սպասում սեպտեմբերին․ - «Ակնկալիք կա, որ հուլիս ամսվա ընթացքում դրանց մի մասը կլինեն էստեղ և օգոստոսի ընթացքում արդեն խիստ նկատելի տարբերություն կլինի էսօրվա վիճակի համեմատ»:

Քաղաքապետարանում չեն կարծում, թե նմանատիպ ակցիաներով իշխանություններին զգոնացնելու կարիք կա: Կարապետյանի փոխանցմամբ, համաձայն են, որ աղբահանության վիճակը վատ է, լուծումներ են փնտրում:

Իսկ մինչ այդ լուծումներ կգտնվեն՝ քաղաքի տարբեր թաղերում կուտակված աղբից դժգոհում են նաև ակցիաների չշտապող երևանցիները:

Իսկ քաղաքի աղբահանության միակ օպերատոր «Սանիթեքը» օրվա միջադեպին չի արձագանքում։ Այս ընկերությունն էլ իր հերթին դատի է տվել քաղաքապետարանին՝ գումարի բռնագանձման պահանջով: Քաղաքապետարանում ենթադրում են, որ «Սանիթեքը» ցանկանում է ստանալ այն գումարները, որ քաղաքային իշխանությունը պահել է որպես տույժ վատ կատարած աշխատանքի համար:

«Պահումները և տույժերը արվել են ըստ համապատասխան պայմանագրի, փաստարկված և փաստաթղթավորված», - պնդեց Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետարանի այսօրվա հորդորը աղբից դժգոհող երևանցիներին՝ ներեցեք և զինվեք համբերությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG