Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը 1 մլրդ 726 մլն դրամ լրացուցիչ գումար կհատկացնի աղբահանության և սանմաքրման համար


Երևանի ավագանու նիստ, արխիվ
Երևանի ավագանու նիստ, արխիվ

Աղբահանության թեմայով հրավիրված Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը դեռ չմեկնարկած, քաղաքի աղբահանության պարտավորությունը ստանձնած ու այդ գործում թերացած «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն տարածեց՝ քաղաքապետարան ներկայացրած իրենց երկու առաջարկներն անպատասխան են մնացել, քաղաքապետարանն ապօրինի կերպով հեռացրել է իրենց աղբադույլերը, չի կատարում սահմանված վճարումներն ու արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

«Սանիթեք»-ն անցած շաբաթ երկու առաջարկ էր ներկայացրել՝ կարճաժամկետ և երկարաժամկետ՝ առաջինով առաջարկում են քաղաքապետարանին համատեղ ուժերով աղբահանություն իրականացնել, երկրորդով էլ ասում են՝ պատրաստ են 4 միլիոն դոլարի ներդրում անել:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքելով ընկերության մեղադրանքներին, ասաց՝ քաղաքապետարանը տույժեր է կիրառում այն չափով, որ չափով «Սանիթեքը» չի կատարում իր պարտականությունը: Որպես պատասխանի շարունակություն՝ Կարապետյանը մեջբերեց քաղաքապետ Հայկ Մարությանի վերջին հարցազրույցում արված հայտարարությունը:

«Որևէ նոր առաջարկ «Սանիթեք»-ի կողմից չի հնչել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման, առաջարկները, օրինակ, մեկը վերաբերում է ներդրումներին, էդ ներդրումների համար որևէ խոչընդոտ չկար։ Քաղաքապետարանը առաջարկում էր համատեղել ջանքերը և մասնակցել գոնե այնպիսի գործընթացին անհրաժեշտ, ինչպիսին է այս հին ջարդված, մաշված աղբամանները փոխարինել նորերով, «Սանիթեք» ընկերությունն այդ առաջարկին չի արձագանքել», - նշեց Կարապետյանը։

«Սանիթեք»-ի վրա հույս չդնելով, քաղաքապետարանն ավելի քան 1 մլրդ 726 մլն դրամ լրացուցիչ գումար կհատկացնի աղբահանության և սանմաքրման աշխատանքների համար, այս գումարի մի մասը՝ 91 մլն դրամը, մանկապարտեզների վերանորոգելու ֆոնդից է կրճատվելու: «Ինչո՞ւ մանկապարտեզների նորոգման հաշվին», - հարցրեցին թե՛ «Իմ քայլը» և թե՛ ընդդիմադիր խմբակցության անդամները։

Երևանի ավագանու այսօվա նիստը վարող՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը պարզաբանեց՝ թեև 21 մանկապարտեզների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են, այդուհանդերձ պետք է մրցույթ հայտարարվի, դրանց արդյունքն էլ դեկտեմբերին պարզ կլինի: Այսպիսով, ըստ փոխքաղաքապետի, այդ աշխատանքները բացառապես մյուս տարի է հնարավոր կատարել:

«Այդ նախատեսված գումարով հնարավոր չէր լինի այդ 21 մանկապարտեզների ամբողջությամբ վերանորոգում անել, քանի որ այդ նախատեսված գումարը բավականին քիչ էր։ Դա է պատճառը եղել, որ այդտեղից այդ գումարի չափով հատկացրել ենք, որպեսզի ձեռք բերենք աղբահանության տեխնիկա, քանի որ կանխատեսել ենք, որ այս տարվա ընթացքում այդ գումարի չափով մենք ծախսումներ չենք ունենա», - ասաց Սարգսյանը։

Ընդդիմադիր «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը հետաքրքրվեց՝ աղբահանության համար անհրաժեշտ վերջին մեքենան ստանալուց հետո, քաղաքապետարանն արդյո՞ք կխզի պայմանագիրը «Սանիթեք»-ի հետ, փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի պատասխանն ավագանու անդամին չբավարարեց, ստիպված կրկնեց. «Ես առաջին հարցը հստակ տվել եմ՝ եթե մենք ունենանք շարժակազմ, ե՞րբ ենք պատրաստ խզել պայմանագրերից մեկը»։

Փոխքաղաքապետը երկրորդ անգամ պատասխանելուց հետո ասաց՝ կներեք, մի քիչ էմոցիոնալ ստացվեց։

«Չգիտեմ, մենք սեպտեմբեր ամսին պայմանագիրը խզելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Չգիտեմը բացատրում եմ այն հանգամանքով, որ չգիտեմ՝ սեպտեմբեր ամսին «Սանիթեք»-ի հետ հրա՞շք է տեղի ունենալու, ինքը ավտոմեքենաներ է բերելու, էդ ամեն ինչը բերելո՞ւ է, թե՞ չի բերելու։ Եթե եթե-ով լինի, հիմա կարող ենք շատ եթե-ներ դնել ու սկսենք ամբողջ օրը՝ եթե սենց լինի, ի՞նչ կլինի, եթե նենց լինի, ի՞նչ կլինի», - արձագանքեց Հրաչյա Սարգսյանը։

Այսպիսով, քաղաքապետարանը որոշեց ձեռք բերել 5 փոշեկուլ և 21 ձնամաքրող մեքենա, մայթերի ձնամաքրման համար նախատեսված 22 տրակտոր, 10 փոքր աղբահավաք մեքենա, աղբաման լվացող 3 մեքենա և մետաղական 1000 աղբարկղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG