Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետի համար հասկանալի չէ, թե ինչու է «Սանիթեքը» դիմում արբիտրաժային դատարան


Հայկ Մարությանի համար հասկանալի չէ, թե ինչու է «Սանիթեք» ընկերությունը արբիտրաժային դատարան դիմում։ Երևանի քաղաքապետն ասում է՝ գնդակը Երևանում աղբահանությունը իրականացնելու 12 տարվա պայմանագիր ունեցող ընկերության դաշտում է և հենց «Սանիթեքը» պետք է ապացուցի, որ խնդիրները լուծելու ռեսուրս ու կամք ունի։

Տևական ժամանակ թերի աղբահանությունը իրականացնող «Սանիթեքը» երեկ հայտարարեց՝ երկուշաբթի արբիտրաժային նամակագրություն են սկսելու կառավարության հետ, սակայն մինչ այդ 2 առաջարկ ունեն քաղաքապետարանին. կարճաժամկետով առաջարկում են համատեղ ուժերով աղբահանություն իրականացնել, երկարաժամկետով էլ 4 միլիոն դոլարի ներդում են պատրաստվում անել՝ աղբարկղերի թիվը ավելացնել, աղբահավաք մեքենաների պարկը թարմացնել, սակայն պայմանով՝ քաղաքային իշխանությունները պետք է պարտավորվեն աղբի կառավարման գործողությունների ծրագիր մշակել, հետ վճարել իրենցից գանձված տուգանքների գումարներն ու վերանայել իրենց ծառայությունների դիմաց վճարվող գումարը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը 1in.am-ի հետ զրույցում ասաց՝ իր պաշտոնը ստանձնելուց հետո անմիջապես սկսել են բանակցություններ «Սանիթեք» ընկերության հետ, սեփականատեր Նիկոլաս Էլ Թավիլի հետ երկխոսությունը կանգ չի առել, մանրամասն քննարկել են խնդիրները։ Մարությանն ասաց՝ երեկվա ներկայացված առաջարկներում որևէ նորություն չկար, այն թեզը, որ ընկերությունը պատրաստ է կրկին ներդրումներ անել, կրկնվող է. - «Ես եկա և ասացի՝ հարգելիներս, իմ գերխնդիրը, որ Երևանը լինի մաքուր, ուրիշ խնդիր չունեմ: Եվ եթե դուք կարողանում եք անել այնպես, որ Երևանը լինի մաքուր, խնդրեմ՝ աշխատեք ձեր պայմանագրի ներքո: Իրենք ասացին՝ կներեք, մենք շատ վատ ֆինանսական վիճակում ենք, մենք մահացած ընկերություն ենք և այլևս չենք կարողանում շարունակել մեր աշխատանքը, մենք պրոբլեմներ ունենք, մենք խնդիրներ ունենք»:

Քաղաքապետը հայտնեց, որ ընկերությունից առաջարկում էին անգամ բարձրացնել պայմանագրի արժեքը․ - «Ասացի՝ դուք ասում եք, որ պայմանագիրը թանկ է: Քաղաքը հիմա երկու լոտից է բաղկացած, երկու լոտն էլ իրենք են՝ մոնոպոլ են: Ասել եմ՝ եկեք մեկ լոտը հանենք նոր տենդերի: Դուք ինչքա՞ն եք պատկերացնում, որ պետք է լինի աղբահանության գումարը: Դուք մասնակցեք այդ տենդերին այդ գնով և մենք գնանք տենդերի: Եթե ձեզանից պակաս տվող չլինի՝ այսինքն ձեր գինը նորմալ գին է, ապա դուք նորից կշահեք ավելի բարձր գնով և կշարունակեք ավելի բարձր գնով գնալ առաջ, միանգամից ձեր ուզածը կլինի, իսկ եթե ձեզանից պակաս տվող կլինի, ապա կշահի այդ ընկերությունը և պակաս թվով, մեծ հաճույքով դա կանի: Իրենք ասացին՝ մենք մտածենք, ժամանակ վերցրեցին երկու֊երեք շաբաթ, դրանից հետո եկան պատասխանեցին, որ՝ ոչ: Ասացի՝ դե ուրեմն այս պահից սկսած գնի մասին այլևս չենք խոսում»:

Մարությանը հայտարարեց՝ Երևանը չի կարող անվերջ սպասել, մաքրելու են մայրաքաղաքը «Սանիթեքի» հետ, թե՝ առանց։ Քաղաքապետարանը ձեռք է բերել 12 աղբատար մեքենա, երկուշաբթի Երևանում կլինեն ևս 3-ը։ Ըստ Մարությանի՝ մինչև սեպտեմբերի վերջ Երևանում կլինեն անհրաժեշտ թվով մեքենաներ՝ աղբահանության հարցը կարգավորելու համար։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հասարակությանը քիչ են հուզում հրապարակային երկխոսությունները, մարդիկ սպասում են նախ արդյունքներին․ - «Եթե իր պաշտոնավարումից 10 ամիս անց խնդիրը չի կարգավորել, մենք որպես բնակիչներ, ավագանու անդամներ, «Սանիթեքից» այլևս պահանջելու բան չունենք։ Մենք դիմում ենք քաղաքապետին այդ խնդիրների համար։ Մենք կապալառուի հետ պայմանագիր չունենք, մենք ընտրել ենք քաղաքապետ, քաղաքային իշխանություն, ուստի քաղաքապետից ակնկալում ենք, ոչ թե վերլուծություններ, այլ արդյունք»։

Խաժակյանն ընդգծում է, եթե «Սանիթեքը» նույնիսկ ներդրումներ անի, միևնույն է՝ միայնակ չի կարող քաղաքային խնդիրները ամբողջովին լուծել։ Վերջին շրջանում Երևանում աղբահանության վիճակը վատթարացել է, թեև «Սանիթեքից» երեկ պնդեցին՝ խնդիրները առաջացել են դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարման ժամանակ։

Այժմ ամռան տապին խնդիրները հատկապես սրվել են, քանի որ աղբի կույտերի պատճառով Երևանում նաև գարշահոտություն է տարածվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG