Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալի մասին գործի վարույթը վերսկսվել է


Հատուկ քննչական ծառայությունը վերսկսել է նախկին Հանրապետական պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի մասին 2016-ի մայիսին հարուցված քրեական գործով վարույթը։ «Ազատության» հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Քրեական գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Դրա համար հիմք էր հանդիսացել «Հետք»-ի հրապարակումն այն մասին, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։

Քրեական գործը հարուցվել էր օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերի՝ այսպես կոչված «Պանամայի փաստաթղթերի» գաղտնազերծումից մեկ ամիս անց։

Միհրան Պողոսյանի ու նրա բարեկամների անունները հայտնվել էին ներկա ու նախկին պաշտոնյաների՝ այդ թվում Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի անունների կողքին:

Քրեական գործի հարուցումից մեկ ամիս անց Պողոսյանը հրաժարական էր տվել Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ղեկավարի պաշտոնից։ - «Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին»,- ԴԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրած իր գրառման մեջ նշել էր Պողոսյանը։

ՀՔԾ-ն այս գործը կարճել էր ամիսներ անց՝ 2017-ի հունվարին հանցակազմի բացակայության հիմքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG