Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյան․ «Ինձ առնչվող օֆշորային սկանդալը թյուրիմացություն էր»


Միհրան Պողոսյան, արխիվ
Միհրան Պողոսյան, արխիվ

Պանամական փաստաթղթերի միջազգային հետաքննությանը մասնակցած՝ «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կարծիքով, Պողոսյանի վերաբերյալ գործը կաճվեց, քանի որ իշխանությանը պետք է, որ ԴԱՀԿ ծառայության նակին ղեկավարը ընտրությունների գնա «մաքուր անունով»:

«Պանամյան օֆշորային սկանդալի վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթի կարճումը փաստում է, որ այդ ամբողջ պատմությունը թյուրիմացություն էր և ոչ ճիշտ»: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում պնդեց ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը: «Ես ի սկզբանե ներկայացրել եմ փաստաթուղթ, որում սևով սպիտակին գրված է եղել, որ այդ ամենը թյուրիմացություն է և ճիշտ չէ: Պարզապես իմ քայլը, իմ հրաժարականը հետևեց այդ ամենին, որպեսզի մարդիկ հասկանան և տեսնեն, որ Պողոսյան Միհրանն էն մարդը չի, որը կառչում է աթոռից և հրաժարական չի տալիս:

Ամիսներ անց փաստեցինք, որ այդ ամենն ինձ հետ կապված չի եղել, չի եղել ոչ մի հաշիվներ էդ բանկում և որևէ բանկում, դա փաստ է: Ճիշտ է՝ դա տևեց 8 ամիս և տասնյակ մարդիկ հարցաքննվեցին, որոնք ոչ միայն իմ շրջապատից էին ու բարեկամներից էին, այլև տարբեր տարբեր ոլորտներից էին»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարողի անունը օֆշորային հայտնի «Պանամյան փաստաթղթերում» շուրջ ութ ամիս առաջ գտել էր «Հետք» էլեկտրոնային պարբերականը: Այդ փաստաթղթերում նշվում էր, որ Պանամայում Միհրան Պողոսյանի անունով գրանցված երկու ընկերություններ հանդիսանում են Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնետերերը, իսկ այդ ընկերությունն իրականացրել էր անշարժ ու շարժական գույքի գնահատում Պողոսյանի գլխավորած ԴԱՀԿ-ի համար:

Այդ հրապարակումից հետո Պողոսյանը հրաժարական տվեց ու հեռացավ շուրջ 8 տարի զբաղեցրած պաշտոնից։ Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Պողոսյանին վերաբերող քրեական գործի վարույթը: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանն» ասաց, թե չի հիմնավորվել, որ ԴԱՀԿԾ նախկին ղեկավարն անօրինական ձեռնարկատիրական գործունեության է մասնակցել:

«Չի հաստատվել այն հանգամանքը, որ պաշտոնատար անձ հանդիսացող Միհրան Պողոսյանը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, արտոնություններ և առավելություններ է տվել հրապարակումներում նշված կազմակերպություններին, կամ որևէ այլ ձևով հովանավորել է այդ ընկերություներին: Ուստի՝ որոշում է կայացվել Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին, նրա արաքում հանցակազմի բացակայության հիմքով»,- մանրամասնեց ՀՔԾ մամուլի խոսնակը:

ՀՔԾ-ի ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում իրավական աջակցության համար դիմել են Շվեյցարիային, որտեղից հայտնել են, որ միջնորդությունը չեն կարող բավարարել: ՀՔԾ-ն դիմել է նաև Պանամային, որտեղից որևէ արձագանք չի ստացվել:

Պանամական փաստաթղթերի միջազգային հետաքննությանը մասնակցած՝ «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասում է, որ Պողոսյանի վերաբերյալ գործի կարճումը սպասելի էր, քանի որ քննչական մարմինն իրենցից նույնիսկ չի պահանջել այն փաստաթղթերը, որոնցով կապացուցվեր Պողոսյանի ապօրինի գործունեությունը:

«Գործի ամբողջ ընթացքում սպասում էի, թե երբ են հայտարարելու կարճման մասին, որովհետև արդեն ակնհայտ էր՝ քննություն չէր տարվում, որովհետև իրենց չէին հետաքրքրում Պանամայի փաստաթղթերը, քանի որ իրենց մոտ չկան այդ փաստաթղթերը: Դա մի մեծ փաթեթ է, որտեղ նամակագրություններ կան իր ստորագրությամբ, թղթեր կան: Այսինքն՝ էդ թղթերը քննչական ծառայությունում չկան, որովհետև իրենք չեն էլ փորձել դա ձեռք բերել: Միանգամից ասեմ, որ ՀՔԾ-ն ընդհանրապես քննություն չի կատարել: Այսինքն՝ քաղաքական որոշում չի եղել, որ Միհրան Պողոսյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի»,- «Ազատությանն» ասաց Էդիկ Բաղդասարյանը:

Արդարադատության գեներալ-մայոր, իշխող Հանրապետականի անդամ Միհրան Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում նաև ասաց, թե առաջարկ է ստացել՝ ՀՀԿ-ի կողմից մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, չմանրամասնելով, սակայն, թե ինչ ձևաչափով: «Եթե ես ընդունեմ այդ առաջարկը և հայտարարություն անեմ, դա նշանակում է, որ ես շանսեր տեսնում եմ: Եթե չընդունեմ, նշանակում է, որ շանսերս ցածր եմ գնահատում: Դեռ վաղ է դրա մասին խոսելը»,- ասաց Պողոսյանը, հավելելով, թե «մոտ ապագայում» վերջնական որոշում կկայացնի:

«Հետքի» խմբագիրը վստահ է՝ օֆշորային գործը կարճվեց հիմա, քանի որ իշխանություններին պետք է, որպեսզի ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարն ապրիլյան ընտրությունների գնա «մաքուր անունով»:

Քրեական գործով վարույթը կարճելու մասին հաղորդագրություն է տարածել նաև Միհրան Պողոսյանի գրասենյակը: «Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործն անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում եղել է պատկան մարմինների, հասարակության լայն շրջանակների անաչառ ուշադրության կենտրոնում:

Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների և Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական LGT բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին։

Հայտնում ենք, որ ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունը քրեական գործով վարույթը կարճել է՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 55-րդ հոդվածով, 124-127-րդ և 261-263-րդ հոդվածներով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- ասված հաղորդագրության մեջ:

Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հրապարակումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել 2016 թ. մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG