Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքները կկատարվեն, հետո կիմանաք», - ասաց Վանեցյանը։
Լրագրողի հարցին, թե հայտնի՞ է արդյոք Պոսղոսյանի գտնվելու վայրը, Վանեցյանը պատասխանեց՝ այո։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և որոշում կայացրել նախկին պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։
Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: